Օկուպացիոն ռեժիմը սկսել է Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը. Մելիքյան
Իրավունք
15:05 17/10/2025
Հայաստան

Օկուպացիոն ռեժիմը սկսել է Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը. Մելիքյան

«Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը»,- նշել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա գրել է. «Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է՝ երբ. այսօ՞ր, վա՞ղը, երկուշաբթի՞, թե՞ մի քանի օրից։

Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։

1) Գերեվարված Վեհափառը շարունակում է մնալ Վեհափառ։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր Վեհափառ Հայրապետները գերեվարվել են թշնամու կողմից։ Սա՛ էլ կլինի այդ դիպվածների շարքում։

2) Վեհափառը լիիշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ՝ Եկեղեցու բնականոն գործունեությունն ապահովելու համար։

3) Եթե Մայր Աթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք»։

Նշենք, որ իշխանական ԶԼՄ-ները տարածում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր  ծառայությունից ազատվելու մասին։

Հիշեցնենք, որ Մայր աթոռը 2023-ի դեկտեմբերի 4-ին հայտնել էր.

«Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օկուպացիոն ռեժիմը սկսել է Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը. Մելիքյան