Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հայաստանի կաթնամթերքի շուկան լցված է իրանական սերուցքային հումքից պատրաստված կաթնամթերքով. Ինչ ռիսկեր կան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի. Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում։ Ներմուծվող հումքը օգտագործվում է տարբեր կաթնամթերքի՝ կարագի, թթվասերի, պաղպաղակի և կաթնաշոռի արտադրության համար՝ «տեղական արտադրության» պիտակով։
Պետական եկամուտների կոմիտեն «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. օգոստոսի 1-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 1472 տոննա սերուցք, ընդհանուր 1.5 մլրդ դրամ արժողությամբ։
Միայն 2025 թ. առաջին 7 ամիսներին ներմուծվել է 823.5 տոննա, որի արժեքը գերազանցել է 1.68 մլրդ դրամը։ Ներմուծում իրականացրած ընկերությունների թվում են՝ «Պրոգրես Ս.Ս», «ՄԻԼԼԿԱԹ», «Դուստր Մարիաննա», «Ստեպպրոգրես», «Թամարա», «Միլք ափ պլյուս», «Խաք», «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ները։
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը պարտավոր է արձագանքել, քանի որ հարցը միայն տնտեսական չէ, այլև առողջապահական։
Նրա խոսքով՝ առանց պատշաճ լաբորատոր վերահսկողության ներմուծվող սերուցքը կարող է առաջացնել մի շարք վտանգներ՝
- մանրէաբանական՝ սննդային թունավորումներ, աղիքային վարակներ,
- քիմիական՝ ալերգիկ ռեակցիաներ, լյարդի և երիկամների ախտահարումներ,
- ինչպես նաև սննդային արժեքի կորուստ, քանի որ սառեցված կամ վերամշակված հումքը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։
Պողոսյանը հիշեցնում է, որ Ռուսաստանում վերահսկիչ մարմինները արդեն սահմանափակել են իրանական կաթնամթերքի շրջանառությունը, իսկ Հայաստանում նման քայլեր դեռ չեն արվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։