Վաղարշապատում է որոշվելու և վճռվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանում. Արթուր Վանեցյան
Քաղաքական
20:26 22/10/2025
Հայաստան

Վաղարշապատում է որոշվելու և վճռվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանում. Արթուր Վանեցյան

«Վաղարշապատի ավագանու ընտրություններում համայնքապետի թեկնածու ենք առաջադրել մի մարդու, ով իր ապրած կյանքով ապացուցել է, որ երկրի, հայրենիքի շահից առավել որևէ բան իր համար չկա»,- «Հայրենիք» կուսակցության՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառմանն ասաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա շնորհակալություն հայտնեց «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Վաղարշապատի պատվավոր քաղաքացի, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին, որ ստանձնել է այդ պատասխանատվությունը։

«Վստահ եմ, որ դուք, մեր թիմը նոյեմբերի 16-ին տոնելու ենք հաղթանակ։ Այդ հաղթանակը չի լինելու միայն մեր թիմինը, չի լինելու միայն վաղարշապատցիներինը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում սովորական ընտրություններ չեն»,- ասաց Ա. Վանեցյանը։

Նա նշեց, որ այս ընտրությունները հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրություններից առաջ միակ ընտրություն է, որը սպասվում է։

«Այստեղ  պետք է ցույց տանք, թե ով ենք մենք, ինչ ենք անելու մենք, ինչ պետք է անենք և ազատվենք այս դավաճանական իշխանություններից։

Վաղարշապատի ընտրությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունները թիրախավորել են հայկական պետությունը, Հայաստանյանց Առաքելական եկեղեցին։ Այս ընտրություններով մենք բոլորս, դուք բոլորդ պետք է ձեր ձայնով ապացուցեք՝ մի քաղաքական ուժ, որն արշավ է սկսել եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել, ստանալ անգամ մեկ ձայն ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 16-ին պետք է առաջնորդվել մեկ սկզբունքով՝ ընտրություն կատարել ի շահ մեր պետության ու մեր ազգի։

«Սա ընտրություն է լինելու ինքնության, հավատի պահպանության համար, մեր ապագայի համար, մեր երեխաների համար։

Վաղարշապատում է որոշվելու և վճռվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանում»,- ասաց Արթուր Վանեցյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատում է որոշվելու և վճռվելու, թե ինչ է լինելու առաջիկայում Հայաստանում. Արթուր Վանեցյան