«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին
Օրվա մամուլ
08:15 22/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ զրուցել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարո՛ն Աղազարյան, վերջին շրջանում իշխանությունների կողմից ակնհայտորեն թիրախավորվում են սրբազաններն ու հոգևորականները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Վեհարանը վեհափառից ազատելու մտադրության մասին՝ այդ մասին գրառումներ անելով նաև սոցիալական ցանցերում, շրջանառելով իր՝ «Վեհարանը վեհին» ձևակեպրպումը։ Արդեն երեք սրբազան հայր կալանավորված է, մի քանի հոգևորականներ էլ ձերբակալվել են՝ տարբեր անհարմարություններ կրելով։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։

Նիկոլ Փաշինյանը ստում է։ Նա նպատակ չունի «վեհարանը վեհին տալու»։ Իր իրական նպատակը բոլորովին այլ է։ Չնայած՝ իր այս «աշխատանքը» որոշ առումով դրական արդյունք էլ ունեցավ, քանի որ հանրությունը ճանաչեց Տեր Արամ քահանայի նման հոգևորականի, որը դարձավ դավաճանության և անմարդկայնության խորհրդանիշ։ Շնորհակալություն Փաշինյանին, որ հնարավորություն տվեց բացահայտելու նման մարդկանց։ Եթե մարդն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, պետք է վաղուց բարձրաձայներ եկեղեցու խնդիրների մասին։ Բայց նա դա չի արել, որովհետև իր նպատակը եկեղեցին բարեկարգելը չէ։

Փաշինյանը փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ այդ քայլերը կարող են հանգեցնել նրան, որ ինքը այստեղ «կաթողիկոս» նշանակի ինչ-որ մեկին, իսկ Հայաստանից դուրս գտնվող հայ առաքելական մեր եկեղեցիները հրաժարվեն ենթարկվել այստեղի կաթողիկոսությանը։ Այսպիսով կարող է ձևավորվել մի նոր կառուցվածք՝ ինչպես Կիլիկիո կաթողիկոսությունն է, և Հայաստանը կպարփակվի ինքն իր մեջ։

Այդ ամենի հետևանքով կստեղծվի Փաշինյանի պատկերացրած «Իրական Հայաստանը», որը, ըստ էության, հիմք կհանդիսանա ցնորածին Չորրորդ Հանրապետության՝ իր իսկ կողմից հղացված գաղափարի իրագործման համար։ Այս ամենից բխող հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։ Եթե Փաշինյանի մղումները իսկապես ազնիվ լինեին, նա դեռ հինգ-վեց տարի առաջ կբարձրաձայներ եկեղեցու խնդիրների մասին և կփորձեր լուծել դրանք։ Իսկ հիմա նա դա անում է միայն մեկ նպատակով՝ վերացնելու երրորդ հանրապետությունը և ձևավորելու չորրորդը, ինչը լուրջ սպառնալիք է պետության և մեր ինքնության համար։

-Իսկ ի՞նչ է, ըստ Ձեզ, այս ամենի հիմքում։ Ոմանք ասում են, թե նա պարզապես իրագործում է Ադրբեջանի կրոնական թեմի առաջնորդ Փաշազադեի գաղափարները։ Դա հնարավո՞ր է։

-Կարծում եմ՝ այդտեղ կա ճշմարտության հատիկ։ Չեն կարող այդքան համընկումներ լինել պատահական։ Կամ ուղղակի երկու կողմերն էլ նույն գիծն են հետապնդում, և այդ պատճառով են նմանվում նրանց գործողություններն ու տեսակետները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին