Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի ելույթը թբիլիսյան եւ ավելի լայն լսարանի համար պրակտիկ քաղաքականությունից բացարձակ հեռու էր. Քաղաքական վերլուծաբան
«Վրաստանում ելույթ ունենալով «Մետաքսի ճանապարհ» խորագրող համաժողովին,որին մասնակցել է նաեւ Ադրբեջանի վարչապետը, Նիկոլ Փաշինյանը խոսել է ըստ էության ընդհանուր կովկասյան տան գաղափարի մասին: Ձեւակերպումները այդպես ուղիղ չեն, բայց ես այդպես վերարտադրում եմ նրա միտքը: Իսկ միտքը այն է, որ Կովկասի երեք հանրապետությունները կորցնում են անկախությունը, երբ չեն գիտակցում ընդհանուր շահերը, դրանց ռազմավարականությունը, երբ մտածում են, թե կարող են միմյանց հանդեպ հավակնությամբ հասնել հաջողության: Փաշինյանը նույնիսկ բերել է 1918-20 թվականների, եւ 1991-ի օրինակը, ասելով, որ 1918-ին անկախացել են միաժամանակ, հետո միաժամանակ կորցրել անկախությունը երկու տարի անց, եւ մեկ էլ միաժամանակ անկախացել 1991-ին»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին ունեցած ելույթին։
«Նիկոլ Փաշինյանը տուրք է տալիս թվերին, բայց ոչ էությանն ու բովանդակությանը: Որովհետեւ յդ դեպքում հարկ կլինի հասկանալ, իսկ ինչու՞ էին միաժամանակ անկախացել 1918-ին, կամ 1991-ին, եւ ինչու՞ չեն պահել անկախությունը 1920-ին:
Երբ անկախացել են, միասնական են եղել՝ դրա՞ արդյունքում են անկախացել միաժամանակ, թե՞ փլուզվել է ավելի գլոբալ համակարգը, որի կազմում է եղել Կովկասը, եւ ըստ այդմ առաջացել է «ցիրուցան» վիճակ, եւ հետո նոր գլոբալ համակարգ է ձեւավորվել կամ վերաձեւվվել, ու Կովկասը հավաքվել է ըստ այդմ:
Ես հիմա չեմ գնահատում՝ հավաքվելն էր լավ, ցիրուցանն էր լավ: Ես գնահատողական արձանագրում չէ, որ անում եմ, այլ՝ փաստական:
Որովհետեւ, եթե խորամուխ լինենք այդ հարցում, ապա կպարզվի, որ Կովկասի հանրապետությունների անկախությունը որեւէ անմջական կորելացիայի մեջ չէ նրանց միասնական լինել-չլինելու, ռազմավարական գործակցություն ունենալ-չունենալու հետ, եթե անգամ դիտարկենք դրա թեկուզ տեսական հնարավորություն»։
Այո, համատեղ նրանք կարող են իհարկե առավել արդյունավետ լինել Կովկասի համար աշխարհաքաղաքական պայքարի բովում: Բայց, դա ավելլի արդյունավետ լինելու, այլ ոչ թե պայքարի արդյունք կանխորոշելու միջոց է, որովհետեւ կանխորոշելու հարցում Կովկասի հանրապետությունները թե առանձին-առանձին, թե միասին՝ չունեն բավարար ու անհրաժեշտ ներուժ:
Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի թբիլիսյան ելույթը իհարկե լիուլի լիկվիդային է իր հայաստանյան լսարանի համար, բայց թբիլիսյան եւ ավելի լայն լսարանի համար այն պրակտիկ քաղաքականությունից բացարձակ հեռու մի ելույթ է, որտեղ միակ ռացիոնալը կարող է լինել այն, որ Կովկասը իսկապես՝ աշխարհաքաղաքական բոլոր մոնստրների համար էլ դիտվում է «միասնական փաթեթով», բայց բոլորովին ոչ այդ փաթեթի մասնակիցներին առանձին-առանձին անկախություն շնորհելու, նվիրելու կամ «պատվիրակելու» համար: