Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդիկ սարսափելի վիճակում են , ասում են՝ պատերից կենդանիներ են դուրս գալիս․ ահազանգ՝ Շիրակի փողոցի շենքերից
Երևանի Շիրակի փողոցի 8 և 10 շենքերից ահազանգ է ստացվել առ այն, որ ունեն նկուղների հետ կապված լուրջ խնդիրներ։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում բարձրաձայնեց «Մայր Հայաստան» խմբակցություն Սուսաննա Մելիքյանը։
«Պարզվում է՝ այդ խնդիրը դեռ անցած տարվանից է։ Ձեռքիս տակ է քաղաքապետարանին ուղղված դիմումները՝ բնակիչների ստորագրություններով։ Ձեր հանձնարարությամբ մեկ տարի առաջ՝ 2024թ․-ի օգոստոսին, ընդամենը սանմաքրման աշխատանքներ են կատարվել, բայց այնտեղ խոսքը կոյուղատար խողովակների մասին է, որոնք վատ վիճակում են։ Լուրջ ինժեներական ինչ-որ լուծման կարիք կա։ Համատիրությունը նման բան չի կարող անել։Եվ ստացվում է՝ մի տարի այս հարցը համատիրությունից՝ համայնքապետարան, համայնքապետարանից՝ ջրային տնտեսություն։ Այս եռանկյունու մեջ խնդիրը չի լուծվում։ Ես ուզում հասկանալ՝ քաղաքային իշխանության կամ համայնքային իշխանության դերն այս առումով կոնկրետ ո՞րն է։Նույն շենքերի բնակիչները նամակներով էլի դիմել են ձեզ, «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից պատասխանել են, որ իրենց տիրույթում չէ այս խնդիրը։ Իսկ թաղապետարանն էլ ասում է՝ հաշվի առնելով կարևորությունը, դիմել ենք «Վեոլիա Ջուր» ընկերությանը, միջնորդել ենք, որ իրենք ինչ-որ հարց կարգավորեն»,- ասաց ավագանու անդամը։
Ավագանու անդամը փորձեց հետաքրքրվել,թե արդյո՞ք հնարավոր չէ նման հարցերը հրատապ լուծել, հաշվի առնելով, որ քաղաքապետարանն ունի բյուջետային միջոցներ՝ անկանխատեսելի իրավիճակներում ընթացիկ հարցեր լուծելու համար։
Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն նշեց, որ Երևանի քաղաքապետարանը իրավական առումով ոչ մի դեր չունի, թեև քաղաքապետարանը միջոցներ հատկացնում է՝ կոյուղատարերի նորոգման համար։
Արձագանքելով Ավինյանին, Մելիքյանն ասաց․ «Մարդիկ սարսափելի վիճակում են ապրում, ասում են՝ պատերից անծանոթ կենդանիներ են դուրս գալիս։ Ինչքա՞ն կարելի է, մեկ տարի է այս վիճակն է, դեռ որքան պետք է սպասեն։ Այս խնդիրը պետք է լուծել, ի վերջո քաղաքը մերն է, բնակիչները մերն են, գումարներ պետք է դնել և այս խնդիրը լուծել»։