Իշխանափոխությունից հետո քննությունը ցույց կտա՝ այս իշխանությունը դավաճանել է երկիրը օտարերկրյա ծառայությունների հանձնարարությա՞մբ, թե՞ արել են դա իշխանությունը պահելու նպատակով. Վանեցյան
Քաղաքական
22:09 25/10/2025
Հայաստան

Իշխանափոխությունից հետո քննությունը ցույց կտա՝ այս իշխանությունը դավաճանել է երկիրը օտարերկրյա ծառայությունների հանձնարարությա՞մբ, թե՞ արել են դա իշխանությունը պահելու նպատակով. Վանեցյան

Որպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ձեռքի տակ փաստեր չունի, որոնք կվկայեն, որ Նիկոլ Փաշինյանը «Շակալ» մականունով, Արարատ Միրզոյանը՝ «Օմեգա» մականունով օտարերկրյա գործակալներ են եղել։

«Որպես ԱԱԾ նախկին տնօրեն, մարդ, որ աշխատանքային ողջ կարիերան անցկացրել է ԱԱԾ-ում, ակնհայտ է, պետք է ասեմ, ոչ, մենք ոչ մի նման տեղեկատվություն չենք ստացել։ Եվ ես դրա մասին առհասարակ խոսելու իրավունք չունեմ։ Եթե հարցը ձևակերպում եք՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրենին։ Բայց եթե հարցը ձևակերպում եք՝ ուղղված քաղաքական գործիչ, կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ապա այդ հարցին պետք է տանք քաղաքական պատասխան, պետք է հստակ տարանջատենք երկու հարթություն՝ իրավական գնահատական և քաղաքական գնահատական»,-Tribune.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ շատերը պնդում են, որ այս իշխանությունները դավաճան են, գործում են այլ երկրների  հանձնարարությամբ, հավաքագրված են հատուկ ծառայությունների կողմից։

«Ունե՞ն այդ մարդիկ նման պնդումներ անելու իրավունք։ Այո, կարծում եմ, ունեն, որովհետև այս իշխանությունների գործողությունները խոսում են հենց դրա մասին։ Բայց եթե մենք նայում ենք իրավական առումով, եթե չկա հաստատված հանցագործության դեպք, չենք կարող որևէ մեկին մեղադրել այս կամ այն հանցագործությունը կատարելու մեջ։ Քաղաքական առումով, այո, այս իշխանությունների արարքները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ այս իշխանությունները գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ Արցախի Հանրապետթության, ընդդեմ հայ ժողովրդի, այսօր էլ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու, որը ամենակարևոր կառույցներից է՝ որպես մեր ինքնության պահպանման, ազգապահպանման ինստիտուտ»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նրա համոզմամբ, այս իշխանությունների հեռանալուց հետո պետք է հարուցվեն քրեական գործեր, իրականացվի մանրակրկիտ քննություն, որը կլինի հավաստի։

«Այդ դեպքում մենք կկարողանանք գնահատական տալ, ի վերջո այսօրվա իշխանավորները դավաճանել են երկիրը օտարերկրյա ծառայությունների  հանձնարարությա՞մբ, թե՞ արել են անգրագիտության պատճառով, իշխանությունը պահելու նպատակով։ Որևէ պարագայում իրենց կատարած հանցագործությունները իրենց չի ազատելու պատասխանատվությունից։ Նրանց կատարած գործողությունները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ այո, կա ուղղորդում»,-ասաց Ա. Վանեցյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանափոխությունից հետո քննությունը ցույց կտա՝ այս իշխանությունը դավաճանել է երկիրը օտարերկրյա ծառայությունների հանձնարարությա՞մբ, թե՞ արել են դա իշխանությունը պահելու նպատակով. Վանեցյան