Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարություններն Արթուր Վանեցյանի վերաբերյալ և դրա արձագանքները
Քաղաքական
10:28 25/10/2025
Հայաստան

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարություններն Արթուր Վանեցյանի վերաբերյալ և դրա արձագանքները

«Արթուր, աշխատիր ընդդիմադիր հանրության աչքին քիչ երևալ: Վանեցյանը հիմքեր չէր տվե՞լ։ Բա Ղազինյան Արթուրն էլ չտվե՞ց հիմքեր: Բա եկանք դատախազություն հիմքերով: Բա ընդունեցիր Ղազինյանին ու Վարդևանյան Արամին: Բա հիմքերը ո՞ր դարակումդ կորցրեցիր:

Բա ինձ ապօրինի կալանավորելու հիմքե՞րն ով էր տվել...

Արթուր, որպես նախկին մտերիմի քեզ խորհուրդ պիտի տամ. աշխատիր չերևալ, աշխատիր չհիշեցնել քո մասին»,- փաստաբան Արսեն Բաբայանն այսպես արձագանել է  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը  24News-ին տված հարցազրույցում։ 

Արթուր Դավթյանը մասնավորապես ասել էր. «Եթե Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագորոծության կատարման մասին փաստ, ապա այդ փաստը պետք է արտահայտված լիներ որևէ քրեական վարույթի ձևով։ Վստահաբար ձեզ ասում եմ՝ այդպիսի վարույթ չի եղել, այլ եղանակ, հնարավորություն, որին կարող էր տիրապետել Վանեցյանը, օպերատիվ ծառայությունների ձեռք բերած տեղեկություններին էին, որոնք հասանելի չէին դատախազին, այսինքն ես այդպիսի տեղեկություններ ոչ տեսել եմ, ոչ նրա կողմից ինձ բանավոր հաղորդվել է»։ 

Հարցին՝ եթե Արթուր Վանեցյանն իրեն ներկայացներ փաստեր, ապա ինքը կկալանավորե՞ր Նիկոլ Փաշինյանին, Արթուր Դավթյանն ասաց․ «Ես պարտավոր էի դա անել և այդ պարտավորությունը կիրացնեի ամենայն եռանդով»։

Փաստաբան Սոս Հակոբյանը նույնպես արձագանել է Դավթյանի հայտարարությանը՝ գրելով. «ՔՊ-ին մինչև ժամկետի վերջին զանգ անօրեն ծառայած դատախազը պարզվում է ուզում էր ֆուտբոլ խաղալ, բայց սպասում էր մեկը գնդակ բերի տա»։ 

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է նույն հարցազրույցում Դավթյանի արած  մեկ այլ հայտարարությանը. «Նախկին գլխ. դատախազ Արթուր Դավթյանը ստում է:

Ինձ ստիպելով կարողացա լսել իր հարցազրույցի առաջին մասը միայն: Ստում է այնպիսի ցինիկությամբ ու այնպիսի ինքնավստահությամբ, որ կնախանձեր անգամ Վիշինսկին: Ստում է տասնյակ դրվագներով: Բայց այդ ու չմոռացվող շա՜տ այլ դրվագների մասին՝ ժամանակին:

Մեկ դրվագի մասին հիմա լռել չեմ կարող:

Նա եթերում պնդում էր, որ 2018 թ. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինքը հետ է վերցրել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու մասին ԱԺ ուղարկված իր միջնորդությունը, քանի որ իրեն այդ միջնորդությունը հետ վերցնելու խնդրանքով դիմել էր այդ օրերին ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը... և դա արել է ՀՀԿ խմբակցության անունից: Դե ինքն էլ տրամաբանել է, եթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ է լինելու իր միջնորդությանը և խնդրում է հետ վերցնել այն, էլ ինչու՞ է ինքը դա տանում խորհրդարան:

Նախ, ՀՀԿ խմբակցությունում նման հարց չի քննակվել: ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ: Առիթ չէր եղել այս մասին խոսելու, մինչև իր հրապարակային ստելը:

Ընդհակառակը, ես ու խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ռուստամ Մախմուդյանը և Կարինե Աճեմյանը գիշերով Ստրասբուրգից մի կերպ հետ ենք վերադարձել Երևան՝ հենց այդ նիստին մասնակցելու ու միջնորդությանը կողմ քվեարկելու համար՝ օդանավակայանից ուղիղ գալով խորհրդարան:

Ես գրեթե բացառում եմ, որ Կարեն Կարապետյանը կարող էր Արթուր Դավթյանին նման խնդրանք ներկայացնել ֆրակցիայի անունից: Ես, օրինակ, Կարապետյանի միջնորդության մասին, ինչպես հանրությունը, լսել եմ ԶԼՄ-ներից, որպես հենց իր անունից արված միջնորդություն: Ու մտածել եմ՝ մի բան գիտի, որ անում է:

Կրկնում եմ, այդ հարցը ֆրակցիայում չի քննարկվել: Ավելին, քննարկվելու դեպքում ֆրակցիան, վստահ չեմ, որ կպաշտպաներ Կարապետյանի այդ տեսակետն ու Նիկոլին կթողներ ազատության մեջ:

Հ.Գ. Օրենքի, մարդկային, բարոյական ու քաղաքական բոլոր կարմիր գծերն անցած, իրեն այդ պաշտոնին հասցրած ընկերոջը դավաճանած ու փաստացի ինքնասպանության հասցրած այս ստախոսը ոնց-որ լավ նվագում էր: Մի օր երևի կնչի նաև իր երգելու մեղեդին...»։ 

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն արձագանել է Ֆարմանյանի գրառմանը՝ նշելով. «Հաստատում եմ՝ ֆրակցիան չի քննարկել։ Ես էլ այդ օրվա նիստի համար գիշերը Բրյուսելից ընդհատել եմ այցս և հետ վերադարձել»։ 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարություններն Արթուր Վանեցյանի վերաբերյալ և դրա արձագանքները