Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի բողոքը «Ֆոտոլուր» ընկերության դեմ գործով
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած դռնբաց նիստի արդյունքով, հոկտեմբերի 24-ին հրապարակել է որոշում «Ֆոտոլուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով։
Դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարդուհի Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ թողնելով Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի հունվարի 17-ի (գործ թիվ ԵԴ2/34968/02/23) վճիռը անփոփոխ։
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ դատական ծախսերի բաշխման հարցը համարվում է լուծված։ Ըստ դատարանի որոշման՝ այն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ընդհանուր իրավասության դատարանը «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին պարտավորեցրել է դադարեցնել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» օրենքի իմաստով «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող լուսանկարչական ստեղծագործությունների արտատպումը, տարածումը և օգտագործումը: Դատարանը որոշել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորարի կրկնապատիկի գումար: