Եվրանեսթ ԽՎ-ը պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
11:17 28/10/2025
Հայաստան

Եվրանեսթ ԽՎ-ը պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Արթուր Խաչատրյան

«Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը, բայց տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարության և արդարադատության վրա»,- Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ արդարադատությունը պահանջում է բոլոր կողմերի շահերը պաշտպանված, հարգված լինեն, դա պահանջում է երկու կողմերից բարի կամք։

«Մենք, ցավոք սրտի, այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը  շարունակում է  զավթման տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան  200 կմ քառակուսի, միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ պարբեր պահանջներ ներկայացնելով։ Ասում են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որպես նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սա դեմ է սկզբունքներին, որոնք  հաստատված են միջազգային փաստաթղթերով։ Ադրբեջանը շարունակում է  կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը»,- ասաց Ա. Խաչատրյանը։

Նա նաև բարձրաձայնեց արցախահայության ճակատագրի մասին. «Եկեք չանտեսենք, աչք չփակենք էթնիկ զտումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղում այսօր չկա գեթ մեկ հայ, ստիպողաբար տեղահանվել են։

Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում են աչք փակել սրա վրա, արդյո՞ք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձ իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով»։

Նա նաև կոչ արեց հենց այստեղից պահանջել Ադրբեջանին առանց որևէ պայմանի ազատ արձակի հայ գերիներին։

«Վեհաժողովը պետք է բարձրաձայնի, պահանջի առանց նախապայմանների բանտարկյալների ազատ արձակում։

Ես փոփոխություն եմ առաջարկում՝ այս վեհաժողովից ուղերձ ուղարկել Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի  ֆաշիստ ռեժիմի կողմից»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրանեսթ ԽՎ-ը պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Արթուր Խաչատրյան