Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները Մոսկվայում հնչեցրել Արցախի ձայնը
Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում օրեր առաջ կայացել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համերգը, որի ընթացքում նրանք իրենց կատարումներով հնչեցրին Արցախի ձայնը և ներկայացրին հայկական մշակույթի ոգին Մոսկվայի հայ համայնքին։
Միջոցառումն իրականացվեց ծրագրի հավատարիմ բարեկամ Սյուզի Այրումյանի շնորհիվ, որի անսահման նվիրումն ու հոգատարությունը հնարավորություն տվեցին արցախցի պատանիներին ներկայանալ միջազգային բեմում։
«Վստահ եմ՝ երբ այս երեխաները տարբեր հարթակներից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը, Ձեր անուններն էլ կդառնան այս պատմության մի մասը։ Յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է այս երեխաների համար։ Շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին՝ այս հրաշալի ծրագրի նախաձեռնության համար։ Խնդրում եմ՝ շարունակել և ավարտին հասցնել այն նպատակը, որը ի սկզբանե դրվել է»,-նշել է Սյուզի Այրումյանը։
Ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը՝ դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծել է ծրագրի գաղափարի խորությունը․
«Այս ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել դժվարությունների միջով անցած պատանի երաժիշտներին, ովքեր անկեղծորեն սիրում են երաժշտությունը, ստանալու կայուն կրթություն և հնչելի դարձնելու իրենց արվեստը։ Ես որպես նրանց կոլեգա իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել, որ այս երեխաները մեր հավատքի և աջակցության կարիքն ունեն։ Նրանց տաղանդը պետք է հնչի աշխարհի լավագույն բեմերում, որպեսզի «Ես ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դառնա ճանաչելի ողջ աշխարհում»։
«Արվեստ23» ՀԿ-ի նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը նշել է, որ ծրագրում ընդգրկված են 23 արցախցի պատանի երաժիշտներ, որոնց յուրաքանչյուր ելույթը նպաստում է ոչ միայն կրթական, այլև հոգևոր վերածնունդի գաղափարին․ «Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք անել այնպես, որ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը հնչի աշխարհի լավագույն բեմերից՝ մեր երեխաների շնորհիվ։ Դա հնարավոր է միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են նրանց և կանգնած են ծրագրի կողքին։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին ու աջակիցներին՝ այս ճանապարհին մեր կողքին լինելու համար»։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ծրագրի վեց սաներ՝ Ալեքսանդր Հայրապետյան (ջութակ), Մարիա Ավանեսյան (դաշնամուր), Նվեր Բաղդասարյան (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյան (կլառնետ), Սյուզաննա Ղուլյան (ջութակ) և Վլադիմիր Գալստյան (դաշնամուր)։ Նրանք կատարեցին Չայկովսկու, Շուբերտի, Ռախմանինովի, Դիմլերի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Հանդիսատեսը ջերմորեն ընդունել է պատանի երաժիշտների տպավորիչ ելույթները, որոնք հուզեցին բոլոր ներկաներին։ Մոսկվայում գտնվելու ընթացքում երեխաները նաև այցելել են քաղաքի մշակութային տեսարժան վայրեր և հնարավորություն են ունեցել լսելու Վագների և Չայկովսկու ստեղծագործությունները՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը։