Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի. Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,- Երևանու կայացած Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանում ունեցած ելույթում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խոսելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» մասին՝ նշել է. «Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանի ընթացքում անդրադարձել էի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը՝ հայտնելով, որ կողմերը համաձայնության հասնելու շեմին են: Եվ ահա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ Հռչակագիր: Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաեւ «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը:
Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր. Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի: Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը:
Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ապահովելով «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու»՝ TRIPP նախաձեռնության իրականացումը: TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը: Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի ու հարակից երկրների միջեւ:
Այս համատեքստում ցանկանում եմ նաեւ նշել, որ Հայաստանը ողջունում է Սեւծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը»։