Գործադիրը որոշեց տնտեսվարողից չգանձել իր իսկ տրամադրած ֆինանսական աջակցության շահութահարկը
Տնտեսություն
12:53 30/10/2025
Հայաստան

Գործադիրը որոշեց տնտեսվարողից չգանձել իր իսկ տրամադրած ֆինանսական աջակցության շահութահարկը

 «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով արտոնյալ կարգավորումներ կսահմանվեն»,-կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասով առաջարկները:

Նախարարը բացատրեց, որ աջակցության գումարները ստացման հարկային տարում ամբողջությամբ եկամուտ են համարվում և շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում:

«Կարծում ենք, որ այս մոտեցումն արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրավունքից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից»,- ասաց նախարարը և բացատրեց, որ, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերում գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներգրավված վարկերի գումարները և դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսադիավորվող գումարները հանդիսանում են եկամուտ և հաճախ շահութահարկի գծով հարկային պարտավորություններ են առաջացնում:

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունից ստացված գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն, որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութահարկի պարտավորություններ չառաջանան։

Հովհաննիսյանի խոսքով՝ որոշման կիրառումը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, քանի որ խնդիրը նկատվել է հատկապես 2024-ից սկսած:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործադիրը որոշեց տնտեսվարողից չգանձել իր իսկ տրամադրած ֆինանսական աջակցության շահութահարկը