Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2026-ին նախատեսվում է սահմանել 993 մլրդ 17 մլն դրամ, որից 990 մլրդ 661 մլն դրամը կամ ընդհանուր ծախսերի 99,8 տոկոսը կհատկացվի ընթացիկ ծախսերի, իսկ 2 մլրդ 356 մլն դրամը կամ ընդհանուր ծախսերի 0,2 տոկոսը՝ կապիտալ ծախսերի գծով: Այս մասին հայտարարվել է Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
Ըստ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանի՝ նախորդ տարվա համեմատ գերատեսչության ծախսերն աճել են 87 մլրդ 377 մլն դրամով կամ 9,6 տոկոսով:
«Մի քանի ուղղություններով ֆինանսական հատկացման ավելացում ենք նախատեսել, այդ թվում՝ 34 մլրդ դրամով կաճեն կուտակային կենսաթոշակների գծով հատկացումները, իսկ 20 մլն դրամով՝ Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծախսերը»,- հիմնավորելով գալիք տարվա բյուջետային հատկացման ավելացումը՝ նշել է փոխնախարարը:
Այնուհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասն ներկայացրել է 2026 թվականին իրականացվելիք ծրագրերն ու հատկացվելիք ֆինանսական միջոցները:
ԱԺ կայքի հաղորդմամ, ըստ նախագծի՝ «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի իրականացման համար կուղղվի 590,8 մլրդ դրամ կամ ոլորտի բյուջեի 59,5 տոկոսը, այդ թվում՝ 244 մլրդ դրամը կուղղվի կենսաթոշակային հաշվին կուտակային հատկացումներին: 2025 թվականի նկատմամբ ծրագրի բյուջեն աճել է 30,5 մլրդ դրամով կամ 5,4 տոկոսով:
«Սոցիալական ապահովություն» ծրագիրը, որին բաժին է ընկնում 140,1 մլրդ դրամ կամ ոլորտի բյուջեի 14,1 տոկոսը, 2025 թվականի նկատմամբ աճել է 17,4 մլրդ դրամով կամ 14,2 տոկոսով:
«Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրին, որին ուղղված է 84,2 մլրդ դրամ կամ ոլորտի բյուջեի 8,5 տոկոսը կուղղվի 2025 թվականի համեմատ 4,1 մլրդ դրամով կամ 5,1 տոկոսով ավելի գումար:
«Բնակարանային ապահովում» ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 15,6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նկատմամբ աճը կազմում է 3,6 մլրդ դրամ կամ 30,1 տոկոս:
Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ: Ծրագրի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57,1 տոկոսով:
Գերատեսչության ղեկավարի խոսքով, պետական քաղաքականության մեջ 2026 թվականին ևս կշարունակեն առաջնահերթ լինել ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների, աշխատանքի և զբաղվածության, երեխաների հիմնախնդիրների, մարդկանց թրաֆիքինգի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների հիմնահարցերի, ինչպես նաեւ կենսաթոշակային եւ սոցիալական ապահովության բնագավառներում կատարվող աշխատանքները:
Անդրադառնալով բնակարանային ապահովության ծրագրին՝ Թորոսյանը բարձր է գնահատել քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման» պետական աջակցության ծրագրի կարեւորությունը:
«Ծրագրի շրջանակում 22.10.2025 թվականի դրությամբ հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2232-ն արդեն վարկավորվել է: Դա նշանակում է, որ այդ ընտանիքները սկսել են շինարարական աշխատանքները: 163 ընտանիք արդեն ներկայացրել է ավարտական ակտը, այսինքն՝ կառուցված տունը հանձնվել է շահագործման: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը վերաբացել առավել թիրախային խմբերի համար»,- մանրամասնել է նախարարը:
Որպես հաջորդ կարևոր ծրագիր՝ նախարարն առանձնացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման ծրագիրը: Ծրագրի ֆինանսական ընդհանուր չափը գնահատվում է 800 մլրդ դրամի շրջանակում: Նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է մեր հայրենակիցների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք առաջանում են ծրագրին դիմելիս:
«Ծրագրի շրջանակում 3202 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից շուրջ 1200-ն արդեն իրացրել են իրենց հավաստագրերն ու բնակվում են սեփական տներում»,- նշել է նախարարը։