Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԲԸՄ-ի և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամի համատեղ աշխատանքը՝ հանուն երեխաների հոգևոր-հոգեբանական վերականգնման
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը հոկտեմբերի 29-ին անցկացված միջոցառմամբ ամփոփել են իրենց երկամյա համագործակցության արդյունքները և ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան ճամբարի շրջանակում Հիմնադրամի մասնագետների տրամադրած հոգևոր-հոգեբանական աջակցությունն ու փորձառությունը։
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, ծրագրի մասնակիցներ և գործընկերներ կառույցների ներկայացուցիչներ։
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը ողջույնի խոսքում նշել է, որ «Նաիրի» ճամբարը ի սկզբնապես նախատեսված էր 44-օրյա պատերազմի զոհված հերոսների երեխաների համար, սակայն 2023-ի իրադարձություններից հետո այն վերափոխվեց՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակի, որոնք կրել են պատերազմի և բռնի տեղահանության հետևանքները և ունեն օգնության կարիք։
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի կողմից վերապատրաստված մասնագետները երկու տարի շարունակ հոգևոր-հոգեբանական աջակցություն են տրամադրել հարյուրավոր երեխաների և նրանց մայրերին՝ օգնելով հաղթահարել պատերազմի հոգևոր-հոգեբանական հետևանքները։ Միայն 2024 թվականին աջակցություն է տրամադրվել 650 մայրերի և 560 երեխաների, իսկ այս տարի աջակցություն է ստացել ավելի քան 700 երեխա և շուրջ 250 մայր։

Ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանի խոսքով, սկզբում դժվար էր պատկերացնել, որ ծրագիրը կունենա նման ծավալ ու շարունակականություն. «Տեսնելով արդյունքները համոզվեցինք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն աջակցություն են ապահովում, այլ դառնում են հավատքի, հույսի և ներքին ուժի աղբյուր»։
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ընդգծել է. «Հոգևոր-հոգեբանական նորարարական մոտեցմամբ ստեղծված մեր խմբային աջակցության ծրագրերը օգնում են մարդկանց խիզախել՝ դեպի սեփական ապագա հավատո քայլ անելու համար։ ՀԲԸՄ-ի հետ մեր երկամյա համագործակցությունը ցույց է տվել, որ կոլեկտիվ տրավմայի պայմաններում հոգևոր-հոգեբանական վերականգնումը ոչ միայն հնարավոր է, այլև խիստ անհրաժեշտ մեր հայրենակիցների համար»։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև մասնագիտական պանելային քննարկում՝ «Երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցությունը համայնքային միջավայրում․ փորձ, մոտեցումներ և համատեղ պատասխանատվություն» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին Հերմինե Դուզյանը (Նաիրի ճամբարի տնօրեն), Անի Մանուկյանը (Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար), Լանա Քոչինյանը (հոգևոր-հոգեբանական մեթոդի մասնագետ) և Մարինա Սերոբյանը (մանկական հոգեբան, Երևանի գեշտալտ ինստիտուտի տնօրեն)։
Մարինա Սերոբյանի մասնակցությամբ այս տարի մշակվել և «Նաիրի» ճամբարում առաջին անգամ իրականացվել է նաև Հիմնադրամի «ԹՌԻՉՔ»՝ հոգևոր-հոգեբանական աջակցություն դեռահասներին ծրագիրը։ Այն նախատեսված է 12+ տարիքային խմբի դեռահասների համար, ովքեր բախվել են կյանքի բարդ իրավիճակների՝ բռնի տեղահանություն, կորուստ կամ պատերազմի այլ հետևանքներ։
«Տրավմայի հետևանքով երեխաները հաճախ կորցնում են իրենց ներքին հենարանները, իսկ նման ծրագրերը օգնում են դրանք վերագտնել ու դուրս գալ անորոշությունից», -իր խոսքում նշել է Մարինա Սերոբյանը։
Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանն էլ հիշեցրել է, որ Հիմնադրամի ծրագրերը նպատակ ունեն նպաստել ոչ միայն հոգևոր-հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, այլև ապագայամետ մտածողության ձևավորմանը. «Այս ծրագիրը խարսխված է մշակութային հիշողության ու տոկունության պատմությունների վրա և օգնում է դեռահասներին նոր իմաստներ ու նպատակներ գտնել՝ զարգացնելով անձնային ուժ և ինքնավստահություն»։
Հայկական գոգևոր վերականգնման հիմնադրամը շարունակում է իր խմբային աջակցման ծրագիրը, որին արդեն մասնակցել են հարյուրավոր մարդիկ։
Վերականգնման սեփական ճանապարհը որոնողները կարող են գրանցվել revival.am/help հղումով։
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։