Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամռան տապին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշեց վերահսկողություն իրականացնել պաղպաղակ արտադրող ընկերություններում՝ նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացում։ Տեսչական մարմնի հրապարակած արդյունքները շոկային էին։ Ստուգված 16 տնտեսվարողներից 10-ի մոտ ՍԱՏՄ-ն խախտումներ էր հայտնաբերել։
Օրեր շարունակ տեսչական մարմինը հրապարակում էր պաղպաղակների լաբորատոր փորձաքննության արդյունքները. ընդհանուր առմամբ, զովացնող սննդամթերքում գտել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշների անհամապատասխանություններ Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, տնտեսվարողների մեծ մասն օգտագործել էր կաթնայուղի փոխարինիչներ...
Այդ պաղպաղակները համարվել էին վտանգավոր ու կեղծված, կոնկրետ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել էին իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Մի քանի տնտեսվարողների մոտ կասեցվել էր խախտումներով պաղպաղակների արտադրությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:
Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 10-30 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:
Բարձրացված աղմուկից դժգոհ էին տնտեսվարողները։ Բիզնեսը տուժում էր, հատկապես երբ տարածված հաղորդագրությունները սկզբում առաջացնում էին ավելի շատ հարցեր, քան տալիս էին պատասխաններ։ ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում տնտեսվարողներն առաջարկել էին հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, դա անորոշություն է առաջացնում հասարակության մեջ:
Թե նույն տնտեսվարողները ինչպես են կատարել ՍԱՏՄ կարգադրագրերը, ինչքան պաղպաղակ է հետ կանչվել ու ոչնչացվել շուկայից, ՍԱՏՄ-ն չներկայացրեց հանրությանը։ Հողարդագրություններից մեկում նշվեց, որ այդ պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:
Վտանգավոր ու կեղծված պաղպաղակների շուրջ մեծ աղմուկից հետո Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ի տրամադրած տվյալներն ուղղակի սառը ցնցուղ էին։ Պարզվում է, որ այս տարի պաղպաղակի սեզոնին շուկայից հետ է կանչվել մոտ 3.5 անգամ քիչ պաղպաղակ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպես, ՊԵԿ-ից Panorama.am-ին հայտնեցին.
«Ակցիզային դրոշմանիշներով ու դրոշմապիտականերով դրոշմավորված, օտարման համար ոչ պիտանի ապրանքների դուրսգրման գործընթաց իրականացնելու նպատակով պաղպաղակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պաղպաղակի ոչնչացման մասով ստացվել է 58 հայտ, այս թվում.
.2025 թվականի մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին 31 հայտ, ոչնչացված պաղպաղակի քանակը կազմել է 131 260 հատ
.2024 թվականի մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին 27 հայտ, ոչնչացված պաղպաղակի քանակը կազմել է 431 390 հատ»։
ՊԵԿ-ից հայտնեցին նաև, որ այս տարի մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին նման հայտ ներկայացրել են ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ ընկերություններ՝ «Աշտարակ Միլկ», «Թամարա և Անի», «Թամարա», «Այգ գրուպ», «Մարտին Սթար»։
Մինչդեռ ՍԱՏՄ-ն խախտումներ էր հայտնաբերել նաև «Արտսվիթ», «Նաիրի լենդ», «Փինք Բերրի», «Իգիթ», «Մառնիկ», «Յուրմենշին» ընկերությունների, «Ազատ Ղազանչյան», «Էդուրադ Կարապետյան»,Վանուհի Մովսիսյան անհատ ձեռնարկատերերի արտադրած պաղպաղակներում։
Ինչի՞ մասին է վկայում այս վիճակագրությունը։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ սա նշանակում է, որ տեսչական մարմինն ապահովում է ոչ թե սննդամթերքի անվտանգություն, այլ աշխատանքի իմիտացիա։ Նա ընդգծեց, ընկերությունները կարող են հետ կանչել շուկայում վաճառվող ապրանքը նաև այլ նպատակներով, օրինակ եթե այն դառնում է ժամկետանց, կամ այլ խնդիր է հայտնաբերում։ Պիպոյանը հիշեցնում է նաև, որ նախորդ տարի պաղպաղակների վտանգավորության մասին նման աղմուկ չի եղել։
«Բազմիցս նշել եմ, թե ինչ տեսք պետք է ունենա պետական մարմնի տարածած հաղորդագրությունը, այն պետք է ներկայացնի աշխատանքի բովանդակությունը։ Եթե չկա բովանդակություն, ստիպված ես տալ բացառապես այնպիսի տեքստեր, որը կստեղծի աշխատանքի իմիտացիա»,-նշում է ՀԿ նախագահը։
Նրա խոսքով, նույնիսկ խնդրի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններից պարզ չդարձավ, թե ինչի հետևանք էր պաղպաղակներում աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը՝ հումքի՞, արտադրամասի սանիտարական պայմանների՞, թե այլ գործոնով պայմանավորված։
«Եթե խնդիրը հումքն էր, բացի պաղպաղակից պետք է ոչնչացվեր նաև հումքը, կասեցվեր արտադրությունը։ Նման շոուների պարագայում կանախատեսելի է, որ չկա բովանդակային աշխատանք։ Եթե լիազոր մարմինը կատարեր իրական աշխատանք, ապա օգտահանված պաղպաղակը կլիներ եռակի ավելի, քան նախորդ տարի, քանի որ հայտնաբերված վտանգավոր խմբաքանակները կոչնչացվեին, վտանգավոր հումքը կոչնչացվեր»,-ասաց Պիպոյանը։
Այսպիսով, հիմք ընդունելով ՊԵԿ տրամադրած տվյալները՝ կարելի է պնդել, որ տնտեսվարողները առանց տեսչական մարմնի ստուգումների ավելի շատ պաղպաղակ են ոչնչացրել, հետևաբար ՍԱՏՄ ստուգման արդյունքում հայտնաբերված վտանգավոր պաղպաղակների պատշաճ հետկանչ, օգտահանում, ոչնչացում չեն իրականացրել, իսկ ՍԱՏՄ-ն էլ իր հերթին պատշաճ հետևողականություն, վերահսկողություն չի սահմանել և արդյունքում խանութներում շարունակել են վաճառել վտանգավոր, կեղծված պաղպաղակները։ Հակառակ դեպքում դժվար թե տնտեսվարողները չդիմեին ՊԵԿ՝ օգտահանված արտադրանքի համար հարկային պարտավորություններից ազատվելու համար։