Արգելոցի չարգելված արահետներով․․․
Հասարակություն
16:12 01/11/2025
Հայաստան

Արգելոցի չարգելված արահետներով․․․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնի տեղամասն ունի էկոզբոսաշրջային ուղղություններ։ Քչերին է հայտնի, որ հին  հեթանոսական դիցարանի կրակի և սիրո աստվածների՝ Վահագնի և Անահիտի անունը կրող ջրվեժները գտնվում են արգելոցի տարածքում։ Չնայած արգելոցի ամենախիստ պահպանվող կարգավիճակին, էկոտուրիզմն արգելված չէ, բայց միայն ուղեկցորդի օգնությամբ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտաճանաչողական տուրիզմի մասնագետ Տիգրան Ստեփանյանն է ուղեկցությամբ քայլեցինք նոր կահավորված արահետով և զրուցեցինք արգելոցի խնդիրներից, էկոզբոսաշրջության զարգացման կաևորությունից։

Ստեփանյանը նախ նշեց, որ մինչև 2020թ․-ը հիմնականում այցելուներն արտերկրից էին, տեղացիներն ավելի շատ սկսել են հետաքրքվել քվիդից հետո։

«Զբոսաշրջիկների քանակն այս երթուղով մեծ է՝ մյուս  տարածքների հետ համեմատությամբ, քանի որ  հեշտ է հասնել Գառնիի կողմից «Խոսրովի անտառ» և քայելել  այս երթուղով։ Տեղացի զբոսաշրջիկները հիմնականում սկսել են հետաքրքրվել կորոնավիրուսից հետո, երբ երկրից դուրս գնալու հնարավորություններ չկար։ Այժմ շատերն են   հետաքրքրված և ցանկանում են անցնել այս երթուղիներով, այդ թվում՝ դպրոցականներ, համալսարաններում սովողորողներ»,-նշեց նա։

Արահետում նախկինում չկային հուշող ցուցանակներ և նշաններ, որոնք կօգնեին զբոսաշրջիկներին չշեղվել ճիշտ ճանապարհից։ Խնդիրը կարգավորվել է, նաև ճանապարհի  վտանգավոր հատվածներն են շրջանցվել և ավելացվել են քարե աստիճաններ։

«Այսօր նախատեսել ենք քայլարշավ դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ՝ նոր բարեկարգված երթուղով։ Երթուղին բոլորովին վերջերս ենք բարեկարգել։ Այն իրականացրել է «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը։Ինքը միջին բարդության երթուղի է, շատ հանգիստ, քայլարշավային, անգամ դպրոցականների համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց  Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Մարինե Կարապետյանը։

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք վտանգ կա՝արգելոցի տարածքում վայրի կենդանիներին հանդիպելու առումով, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտաճանաչողական տուրիզմի մասնագետ Տիգրան Ստեփանյանն ասաց․ «Արգելոցի այս՝ Գառնիի տարածքն ունի շատ նոսր բուսականություն , հետևաբար նաև կենդանիներն են քիչ հանդիպում այստեղ։ Այս է պատճառը նաև, որ էկոզբոսաշրջային երթուղիներն այս հատվածում են։ Առհասարակ վայրի կենդանիներին հանդիպելիս ընդամենը պետք է լուռ մնալ, ոչինչ չանել։90 տոկոսից ավելի դեպքերում վայրի կենդանին նախահարձակ չի լինում։ Պետք է հիշենք, որ մենք արգելոցում ենք, որտեղ կենդանիներն իրենց ապահով են զգում»։

Ի դեպ, տարիներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած խոշոր հրդեհը մեծ վնաս հասցրեց արգելոցի կենդանական և բուսական աշխարհին։ Մինչ այսօր անտառը դեռ  վերականգնվում է ։ Թեև կան ծառատեսակներ, օրինակ՝ գիհին, որոնց վերականգնման համար հարյուրամյակներ կարող է պահանջվել, կամ գուցե առհասարակ չվերականգնվեն։   

«Շատ դժվար են մեծանում,աճում, վերարտադրվում այդ ծառատեսակները։ Իսկ  ընդհանուր առմամբ կարող ենք ասել՝ դրական պրոցես ունենք։Եվ ուզում եմ նշել նաև, որ արգելոցի կարգավիճակից ելնելով՝ մարդկային միջամտությունն ուղղակի բացառվում է, այն  ինքն իրենով պետք է վերականգնվի»,- նշեց Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ արգելոցն ունի բարդ ռելիեֆ և հրդեհից հետո այն տարածքները, որոնք դժվարանցանելի են և միայն ոտքով է հնարավոր հասնել, տեղեդրվել են ջրի մեծ բաքեր, որպեսզի մարդիկ հասնեն ու կարողանան օգտագործել ջուրը։ Հիմնականում հրդեհներն առաջանում են կայծակներից ու բարձր գագաթներում։ Ստեփանյանը նշեց, որ թեև Գիլանլարի բնակիչների հետ կապված դեռևս չլուծված է նմում խնդիրը, բայց ազնվության համար պետք է նշել, որ գյուղացիներն առաջին են լծվում հրդեհը մարելու գործին։

Այս համատեքստում հիշեցնենք, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կա մի խնդիր, որը ոչ մի կերպ չի լուծվում: Տարածքի ներսում տասնամյակներ շարունակ ապրում են մարդիկ: Նրանց` այնտեղ գտնվելն անօրինական է, քանի որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելում է բնակություն կամ որեւէ գյուղատնտեսական գործունեություն արգելոցում: Գիլանլարում ապրում է մոտ 20 ընտանիք։ 

Մեր այցի ընթացքում էլ տարածքում նկատեցինք խոշոր եղջերավոր կենդաների, որոնք, ինչպես հետո տեղեկացանք, պատկանում էին բնակիչներին։ Նորից նշենք՝ արգելոցն ամենից խիստ պարհպանվող կարգավիճակն ունի և որևէ տնտեսական գործունեություն այնստեղ արգելվում է։ Այս խնդիրը չի լուծվում նաև այն պատճառով, որ դեռևս արգելոցը չունի սահմանազատված ու քարտեզագրված հաստատված սահման։

Արգելոցի պահպանությունն ամբողջովին իրականացնում են էկոպարեկները,որոնք 24-ժամյա հսկողություն են իրականացնում։

Էկոպարեկային ծառայության հերթափոխի տեսուչ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ որքան հաճախ են հանդպում որսագողերը կամ ծառահատները։ Տեսուչը պատասխանեց, որ հանդիպում են, ամենի շատ՝ որսագողեր, սակայն խախտումներ չեն արձագրվում, որովհետև նախապես կանխարգելում է։ Մյուս կողմից էլ՝ անտառի նոսր լինելը կամ հիմնականում ծառազուրկ  լանդշաֆտը նպաստում է շուտ նկատել տարածք ներխուժածներին։

  «Երեք խմբով են  հերթապահություն իրականացնում։ Յուրաքանչյուր խումբը բաղկացած է 3 անձից։ Անտառը հսկում են որսագողերից,ձկնագողերից ու ծառահատներից։ Չորս տարի և ութ ամիս է, ինչ իրականացնում ենք մեր աշխատանքները էկոպարեկային ծառայությունում։ Այսօր ոչ միայն արգելոցը, այլև հարակից տարածքները գտնվում են մեր շուրջօրյա հսկողության տակ։ Դժվարություններ ունենք միայն տեխնիկայի մասով։  Մեր ունեցածը  բավականին հին է,դժվարացնում է մեր աշխատանքը, համալրման, նոր տեխնիկայի կարիք կա»,- ավելացրեց օրվա հերթապահ էկոպարեկը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արգելոցի չարգելված արահետներով․․․