Երեկվանից կորած արցախցի կինը դեռ չի գտնվել
Հասարակություն
17:18 01/11/2025
Հայաստան

Երեկվանից կորած արցախցի կինը դեռ չի գտնվել

Երեկ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից Ժաննա Անտոնյանը, ով Արցախից բռնի տեղահանված է, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Այս պահին հարազատները շարունակում են փնտրել 75-ամյա կնոջը։

Ժաննա Անտոնյանն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, 2023 թվականին բռնի տեղահանվել է և արդեն 2 տարի է՝ գրեթե ամեն օր ասում է, որ իր գյուղն է ուզում, ուզում է վերադառնալ Հացի։

Կնոջ որդին՝ Ալեքսանդր Անտոնյանը168.amի հետ զրույցում ասել է, որ մոր որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մտածել են՝ գուցե Արմավիրի մարզի Հացիկ գյուղ է գնացել, այնտեղ քիչ առաջ են տակնուվրա արել, Արմավիր քաղաքն էլ՝ հետը, սակայն ոչ մի տեղ չկա մայրը։

«Նախկինում մեզ հետ էր ապրում, միշտ դուրս էր գալիս, ասում էր՝ գնում եմ Հացի, տուն էինք բերում, ուշադիր էինք։

Մայրս հիշողության կորուստ ունի, բայց գյուղի մասին չէր մոռացել, մշտապես ասում էր՝ ես տուն եմ գնում։ Ամուսինը միշտ իր կողքին պետք է լիներ։ Ուզում էի նրանց բերեի ինձ մոտ՝ Լուկաշին գյուղում ապրեր, վարձով տունը գտանք, բայց հիմա էլ մայրս չկա։ Երբ ասացին, որ տանը չէ, անմիջապես տաքսի եմ նստել, հասել եմ Վարդանաշեն ու սկսել ենք փնտրել»,- նշել է Ալեքսանդր Անտոնյանը։

Նա հայտնել է, որ տարեց մոր մոտ հեռախոս է եղել, սկզբում մտածել է, որ հեռախոսով հնարավոր կլինի նրան գտնել ու սկսել են անընդհատ զանգել հեռախոսահամարին։ Սակայն այս պահին հեռախոսահամարին այլևս զանգ չի գնում, մտածում է, որ մարտկոցը նստել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեկվանից կորած արցախցի կինը դեռ չի գտնվել