Սպասվում է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. ԱԽՔ
Քաղաքական
17:10 03/11/2025
Հայաստան

Սպասվում է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. ԱԽՔ

«Օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում»,- այս մասին Բրյուելում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև նշել է. «Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ 

Ա. Գրիգորյանի խոսքով, խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է. «Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպասվում է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. ԱԽՔ