Գերակշռում են կենցաղային բնույթ ունեցող uպանnւթյnւնները. Նախարար
Իրավունք
13:20 03/11/2025
Հայաստան

Գերակշռում են կենցաղային բնույթ ունեցող uպանnւթյnւնները. Նախարար

2026 թվականի բյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 120 մլրդ 644 մլն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 2 մլրդ 355 մլն դրամով: ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է գալիք տարի իրականացվելիք միջոցառուներին՝ նշելով, որ կարդիականացվի սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը: Զեկուցողի խոսքով ներդրումային ծրագիրն արժանացել է կառավարության համապատասխան հանձնաժողովի հավանությանը: Նախատեսվում է ձեռք բերել երկրաքիմիական կայանի 6 տնակ, ինչպես նաև 13 կարևորագույն նշանակության սարքեր ու սարքավորումներ, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում:

Խոսելով Փրկարար ծառայության ներդրումային ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցից՝ նախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականին նախատեսվում է նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերում:

«Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում գործող կառուցվածքին համապատասխան մենք նախատեսել ենք կազմակերպել և  իրականացնել 6 ծրագրով աշխատանքներ՝ 32 քաղաքականության միջոցառմամբ»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարարը փաստել է, որ 2025 թվականի ինն ամիսների հաշվարկով գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում առկա է լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր հանցավորության կառուցվածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0, 7 տոկոսվ: Ըստ զեկուցողի, իրականացված աշխատանքների արդյունքում նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ ընդհանուր առմամբ 3,5 տոկոսով:

Նախարարը ներկայացրել է նաև հանցավորության շարժընթացը, մասնավորապես՝ խոսել է սպանության դեպքերի մասին: «Հանրապետության մակարդակով շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները»,- փաստել է գերատեսչության ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ նախարարությունում մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը:

Սպանությունների մասով Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք հիմնականում կենցաղային, միջանձնային բնույթի են եղել, տեղի են ունեցել ոչ ընտանեկան բռնության հետևանքով: Նրա խոսքով, Հայաստանն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ, քանի որ վիճակագրական պատկերում փոքր տոկոս են կազմում պլանավորված հանցագործությունները:

Դեպքերի աճ է գրանցվել կիբեռհանցագործությունների մասով: Այս առնչությամբ քաղաքացիների իրազեկման աշխատանքներ են տարվում: ՆԳ նախարարը այս առումով կարեւորել է նաեւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը:

ԱԺ կայքի հաղորդմամբ, գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ընդհանուր մասնաբաժնում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը 9 ամիսների հաշվարկով նվազել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերակշռում են կենցաղային բնույթ ունեցող uպանnւթյnւնները. Նախարար