Առաջին անգամ հնչել է Երկանյանի «Ձոն»-ը՝ նվիրված ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին, ելույթ է ունեցել միջազգային ծագող աստղ, Եվա Գևորգյանը
Մշակույթ
15:56 03/11/2025
Հայաստան

Առաջին անգամ հնչել է Երկանյանի «Ձոն»-ը՝ նվիրված ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին, ելույթ է ունեցել միջազգային ծագող աստղ, Եվա Գևորգյանը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Նախօրեին, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կայացել է փառատոնի եզրափակիչ համերգը: Այդ երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել համաշխարհային պրեմիերայի, նոր սիմֆոնիկ ստեղծագործության ծննդի, որը կոչվում է «Ձոն»՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին: Սիմֆոնիկ «Ձոն»-ը գրվել է հայ ժամանակակից ականավոր կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կողմից: Նվագախմբից հայտնում են, որ մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը հայկական սիմֆոնիզմի ավանդույթների վառ արտահայտումն է, այն նաև ցուցադրում է նվագախմբի վիրտուոզ վարպետությունը: Ունկնդրի կողմից Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ն ընդունվեց մեծ ոգևորությամբ:

Կոմպոզիտորի խոսքերով, այս ստեղծագործությամբ նա ցանկացել է փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որ ապրում է նման Ազգային նվագախումբ ունենալու կապակցությամբ, որն արդեն գրել է իր մեկդարյա պատկառելի պատմությունը և շարունակում է հաղթական քայլել դասական կատարողական արվեստի համամարդկային ճանապարհով:

Ստեղծագործության ավարտից հետ Երկանյանը բեմից ասել է. «Ինձ համար նաև շատ կարևոր է, որ արդեն 25 տարի է նվագախումբը ղեկավարում է մեր սիրելի մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Ֆիլհարմոնիկի պատմության ամենաերկարակյաց գեղարվետական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը; Ինձ համար այս տարին ևս հոբելյանական է. լրացավ ուղիղ 50 տարի այն օրից, երբ առաջին անգամ, Ֆիլհարմոնիկը՝ այն ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, առաջին անգամ կատարեց իմ ստեղծագործությունը, որը միջազգային հեղինակավոր մրցույթում արաժանացել էր մրցանակի»:

Նա շնորհակալություն է հայտնել նվագախմբի երաժիշտներին՝ մաղթելով, որ մեծ շուքով նշվի նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 200-ամյակը:

Երեկոյի ընթացքում նաև հնչել է Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը, որի մենակատարն էր միջազգային ծագող աստղ, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը: Համերգը եզրափակվել է Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ով՝ մենակատար՝ տենոր Տիգրան Մելքոնյան, մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):

 

 

 

 

 

 

 


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջին անգամ հնչել է Երկանյանի «Ձոն»-ը՝ նվիրված ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին, ելույթ է ունեցել միջազգային ծագող աստղ, Եվա Գևորգյանը