Կարեն Անդրեասյան. Իմ ցանկության մասին տեղյակ եմ պահել ոչ միայն Փաշինյանին, այլև Պետրոս Ղազարյանին
Քաղաքական
14:27 05/11/2025
Հայաստան

Կարեն Անդրեասյան. Իմ ցանկության մասին տեղյակ եմ պահել ոչ միայն Փաշինյանին, այլև Պետրոս Ղազարյանին

SMS հաղորդագրությամբ ԲԴԽ պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանը, որ հիմա  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է, ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ ինքը դեռ 2024-ի գարնանն է Նիկոլ Փաշինյանին հաղորդագրություն ուղարկել՝ հայտնելով, որ այլևս չի ցանկանում պաշտոնավարել։ Նրա խոսքով, այդ մասին նա նույն տարվա ամռանը  հայտարարել է նաև Հանրային հեռուստաընկերությամբ։

«Արդեն 2024-ի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք, և ես հարգել եմ։  Ինձ վարչապետը որպես ԲԴԽ նախագահի երբեք հրահանգներ չի տվել։ Ես իմ ցանկության մասին տեղյակ եմ պահել ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցչին, այլ չորրորդ իշխանության ներկայացուցչին՝ օրինակ, Պետրոս Ղազարյանին»,-ասաց Կ. Անդրեասյանը։

Նա ասաց, որ հանդիպել է նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, քննարկել է դատական իշխանության մեջ իր տեսած խնդիրներն ու բարդությունները։

«Անկեղծ ասեմ, ինչ-որ մի պահի հասունացել է այն համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ կերպով շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ»,-ասաց Կ. Անդրեասյանը։

Լրագրողները Անդրեասյանին հիշեցրեցին, որ Եղիշե Կիրակոսյանը հեռացավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից, ըստ տարածված լուրերի, այն պատճառով, որ Հայաստանը որոշել է հետ վերցնել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։ Համաձայնե՞լ է Կ. Անդրեասյանը միջազգային դատարաններից հետ վերցնել հայցերը։

«Ոչ իմ նախորդի, ոչ իմ օրոք հայց հետ չի վերցվել, և նման քննարկում չկա։ Եթե լինի նման քննարկում, ձեզ հաստատ տեղյակ կպահենք»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու վերաբերյալ նախապայման, Անդրեասյանն ասաց՝ ուսումնասիրել է ամբողջ փաթեթը, պարոն Կիրակոսյանը, մեր գրասենյակը չի ստացել նման առաջարկ։

«Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն, ՍԴ-ն որոշեն վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի դադարեցնել որևէ իրավական գործընթաց, դուք ինձանից շուտ կծանուցվեք»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարեն Անդրեասյան. Իմ ցանկության մասին տեղյակ եմ պահել ոչ միայն Փաշինյանին, այլև Պետրոս Ղազարյանին