Ոստիկաններին է ներկայացել բեզոարյան այծ ու կաքավներ որսացած երրորդ տղամարդը
Իրավունք
17:31 05/11/2025
Հայաստան

Ոստիկաններին է ներկայացել բեզոարյան այծ ու կաքավներ որսացած երրորդ տղամարդը

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին  ստացվել է հավաստի տեղեկություն, որ երեք տղամարդ Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում:

Նույն օրը` ժամը 19-ի սահմաններում, նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` երկու հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը` բեզոարյան այծի մարմին ու կաքավներ, մյուսը նետել է որսորդական երկու հրացան:

Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի: Մոտ 500 մետր հեռավորության վրա եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ Ձերբակալված եղեգնաձորցին հայտնել է, թե ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը` Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը որսացել է բեզոարյան այծ: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը: Հանգամանքները պարզվում են

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկաններին է ներկայացել բեզոարյան այծ ու կաքավներ որսացած երրորդ տղամարդը