Վաղարշապատում քարոզարշավի ժամանակ արձանագրվել են 20-ից ավելի խախտումներ, գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ի գործունեությանը. «Միասնության թևեր»
Քաղաքական
14:45 06/11/2025
Հայաստան

Վաղարշապատում քարոզարշավի ժամանակ արձանագրվել են 20-ից ավելի խախտումներ, գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ի գործունեությանը. «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն իրականացնում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկում՝ ուսումնասիրելով մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումները։

Նախաձեռնությունից հայտնում են, որ նախընտրական քարոզարշավի առաջին 12 օրերին՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերին վերաբերող 400-ից ավելի հրապարակում.

«Արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, մյուս ուժերի դեպքում դրանք ունեն ոչ պարբերական բնույթ («Հաղթանակ» դաշինք, «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Հանրապետություն»)։

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են վարչական իրավախախտման և հանցագործության տարրեր, մանավորապես՝

☑️բարեգործության արգելքի խախտում – ՔՊ,

☑️պետական պաշտոնատար անձանց, օրինակ՝ Արմավիրի մարզպետի կամ նախարարների կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզարշավին մասնակցություն – ՔՊ,

☑️համայնքային ծառայողների, ընտրական հանձնաժողովի որոշ անդամների կողմից քարոզչության իրականացում – ՔՊ, «Հայրենիք»,

☑️նախընտրական քարոզարշավի համար նախատեսված տպագիր քարոզչական նյութի անհամապատասխանություն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին - «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,

☑️չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրում - «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,

☑️նախընտրական քարոզչական պաստառների, տպագիր նյութերի պատռում, պոկում և այլն։

Վերը նշված արարքներն առաջացնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ, 40.11-րդ եւ 40.19-րդ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվություն։

✅Դիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական կուսակցության» կողմից Դողս գյուղում կազմակերպված բարեգործական միջոցառման փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

✅Քարոզարշավի ընթացքում նկատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորում (վիրավորական արտահայտություններ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, եկեղեցապատկան հողերի և գույքի հետ կապված և այլն):

✅Դատապարտելի է այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Առավել դատապարտելի է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդման հարուցումը և նրանց կալանավորումը:

✅Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր փաստ. առաջին՝ նախընտրական քարոզչությունն իրականացվում է Վաղարշապատ խոշորացված համայնքում, այսինքն՝ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, իսկ ՀՀ Սահմանադրության 9- րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

✅Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությանն առանձնանում է նրանով, որ այս համայնքում է տեղակայված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

❗Պետք է հաշվի առնել, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանություններն իրականացում են Փաշինյանի նախաձեռնած, քաղաքական շահերից բխող հակաիրավական քաղաքականություն: Այս համատեքստում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և նրա որդու նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումը և կալանավորումը ոչ միայն հանրային իրավական ընկալման տեսանկյունից, այլև քաղաքական իրավունքների իրացման առանձնահատկություններով պայմանավորված անընդունելի և անթույլատրելի է:

Այս միջադեպն ընդգծված դատապարտելի է այն առումով, որ քաղաքական իրավունքներն առավել զգայուն և փխրուն են, և դրանց արդյունավետ ու անխոչընդոտ իրացման տեսանկյունից էականորեն կարևոր է այն միջավայրը, որում դրանք իրացվում են:

✅Քրեական հետապնդումը և քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիաների կիրառումն ընդհանրապես և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հատկապես պետք է լինեն ծայրահեղ միջոց: Քրեաիրավական անհամաչափ և ոչ իրավաչափ միջամտությունը ոչ միայն քրեորեն պատժելի և դատապարտելի է, այլև լրջորեն խաթարում է քաղաքական կամքի իրականացումը և ժողովրդավարական գործընթացն առհասարակ։

✅Նախ առկա է լուրջ և իրատեսական վտանգ, որ քարոզարշավի մասնակիցներն իրենց կարծիքն արտահայելու իրավունքի իրացման քողի ներքո կատարեն հրապարակումներ իրենց համար «անցանկալի» անձանց կամ միջադեպի վերաբերյալ՝ ձևավորված պրատկիկայի ուժով վստահ համոզմունք ունենալով, որ դրան հաջորդելու է քրեական հետապնդումը, ապա կալանավորումը: Դրանից բացի, այս կերպ ստացվում է քրեական հետապնդման ինստիտուտը վերածվում է քաղաքական նպատակներին հասնելու «լեգիտիմ» մահակ, իսկ դրա «հաջողված փորձը»՝ «քաղաքական հակառակորդներին» քրեաիրավական կամ «լեգիտիմ» միջոցներով մրցակցությունից դուրս թողնելու մարտավարության:

✅Արդյունքում խախտվում են ոչ միայն տվյալ անձանց քաղաքական իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորություններով, այլև նման կոշտ և ոչ համաչափ միջամտությունն անխուսափելիորեն ունենում է սառեցնող ազդեցություն՝ սահմանափակելով քաղաքացիների՝ քաղաքական մասնակցություն ունենալու ցանկությունը:

❗Կարևոր է նկատել, որ քաղաքական իրավունքների իրացումն ունի այն առանձնահատկությունը, որ դրանց ենթադրյալ խախտումները post factum վերականգնելը գործնականում հաճախ ոչ միայն հնարավոր չէ, այլև արդյունավետ չէ: Դրանով է պայմանավորված մեր գնահատականն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քրեական հետապնդմանը և անձանց կալանավորմանը պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ որպես իրավական ծայրահեղ միջոց, ուշադրության արժանի բոլոր հանգամանքների հաշվառմամբ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder