Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ում կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց, իսկ համաներման դեպքում անվանական գրված կլինի՝ Միքայել, Բագրատ Սրբազանների վրա չի տարածվելու. Կարապետյանց
«Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց և Սրբուհի Գալյանը եթե չի հասկացել այդքան բանը, ուրեմն տեղում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ մեկնաբանելով վերջերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այն հայտարարությունը, որ «այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների և դա խնդիր է»։
Նա նշեց, որ Հայաստանը նորից վերադարձել է այն իրավիճակին, երբ տեղի-անտեղի, առանց ծայրահեղ անհրաժեշտության մարդուն կարող էին կալանավորել։
«Բազմաթիվ դեպքերով հաստատապես կարելի է ասել, երբ, օրինակ, վարույթն իրականացնող մարմինն ավարտել է աշխատանքը, գործն ուղարկում է դատարան, կարելի է մարդուն ազատության մեջ թողել մինչև դատավարության ավարտը։
Կարծում եմ, Սրբուհի Գալյանը Հայաստանի արդարադատության նախարարը չէ, այլ օրվա իշխանությունների արդարադատության նախարարն է, ինչպես գլխավոր դատախանզ է օրվա իշխանությունների գլխավոր դատախազը և այդպես շղթան շարունակ»,- ասաց իրավապաշտպանը։
Ն. Կարապետյանցի խոսքով, մենք վերադարձել ենք նույն իրավիճակին, որն ունեցել ենք ժամանակին, երբ կալանավորումն, այսինքն նախնական կալանքն օգտագործվում է որպես մարդկանց վրա ճնշում գործադրելու, պատժի, ցուցմունքներ ստանալու միջոց, ընտրություններին ընդառաջ հասարակության մեջ ահ ու սարսափ տարածելու միջոց՝ իր բոլոր դրսևորումներով։
«Թեև կան այլընտրանքային խափանման միջոցներ, բայց, ինչպես հասկանում ենք, հատկապես այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կա կալանավորվողի շրջապատի համար մթնոլորտ ստեղծել, հանրային գիտակցության մեջ այդ ուժեղ մաչոյի տպավորությունը թողնել, անպայման տանում են կալանքի, հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական ընդդիմախոսների մասին»,- ասաց նա։
Միաժամանակ նշեց, որ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու դեպքում էլ կան տեխնիկական խնդիրներ. «Օրինակ, տնային կալանքի դեպքում կիրառվող անհրաժեշտ սարքն ուղիղ կապ ունի ինտերնետի հետ։ Ոչ բոլոր վայրերում է կապը լավ, որ կարողանան օգտագործել։ Կան նաև սպասարկելու, քանակի հետ կապված խնդիրներ։
Ակնհայտ է, որ մենք ունենք նախնական կալանքի տակ գտնվողների շատ մեծ թիվ, դժվար թե նախատեսած լինեին այդքան սարքեր»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, որին ներկա էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հնչեցրել էր վիճակագրություն, ըստ որի՝ 2022 թվականին Հայաստանն ունեցել է 1217 կալանավոր, 911 դատապարտյալ, 2023-ին՝ 1256 կալանավոր, 1101 դատապարտյալ, 2024 թ.՝ 1317 կալանավոր, 1152 դատապարտյալ, 2025 թվականին՝ 1401 կալանավոր, 1285 դատապարտյալ։
Անդրադառնալով Սրբուհի Գալյանի մեկ այլ հայտարարության, որ համաներում իրականացնելու որոշում չունեն, յուրաքնաչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի, Նինա Կարապետյանցն ասաց, որ առհասարակ ինքը կողմնակից չէ համաներման։
«Կարծում եմ՝ պետք է ունենալ արդարադատության այնպիսի համակարգ, որի պայմաններում համաներման անհրաժեշտություն ու կարիք չի լինի։ Պետք է ունենալ մեխանիզմներ, նախ իսկապես արդարադատություն իրականացնելու համար, քանի որ այն, ինչ մենք ունեցել ենք ժամանակին, ունենք հիմա, արդարադատության հետ աղերս չունի։ Պետք է ունենալ մեխանիզմներ երևան եկած նոր հանգամանքներով պայմանավորված իսկապես վերանայել գործը, իսկ մենք նման հնարավորություն չենք ստեղծել։ Անգամ վերջին 7 տարվա ընթացքում անընդհատ խոսվել է նոր մեխանիզմներ ստեղծելու մասին, բայց դա չի արվել»,- նշեց իրավապաաշտպանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում վերջին անգամ այս իշխանության օրոք՝ 2018 թ. վերջին է համաներում հայտարարվել, որը եղել է ոչ թե այս իշխանությունների նախաձեռնությունը, այլ քաղհասարակության, մի խումբ մարդկանց ուղիղ ճնշման արդյունք։
«Ես չեմ կարծում, որ համաներումը հիմա կօգնի։ Այդ վերջին համաներումը հայկական նորագույն պատմության մեջ ամենախտրական համաներումն էր։ Չեմ կարծում, որ նոր համաներման պայմաններում կունենանք այլ իրավիճակ»,- ասաց Ն. Կարապետյանցը։
«Այն ժամանակ «Սասնա ծռերի» գործով խիստ խտրական վերաբերմունք կար, այսինքն նմանատիպ հոդվածներով դատապարտվողների դեպքում տուժողների կարծիքը ոչ մեկ չէր հարցնում, բայց նույն հոդվածներով դատապարտվող «Սասնա ծռերի» դեպքում պարտադիր էր, որ տուժողներն իրենց համաձայնությունը տային համաներումը կիրառելու համար։ Նման բան երբեք չի եղել։ Կարծում եմ՝ անգամ եթե հիմա համաներում լինի, անվանական է գրված լինելու՝ օրինակ, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի վրա դա չի տարածվելու։ Կունենանք շատ ավելի վատ իրավիճակ»,- մանրամասնեց իրավապաշտպանը։
Ըստ նրա, շատ ավելի նախընտրելի կլիներ ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում իսկապես արդարադատության պրոցեսի մեջ համաներումն անհրաժեշտություն չէր լինի։
«Բայց հենց այսպիսի արդարադատության համակարգ էր ուզում նաև այս իշխանությունը, քանի որ միայն այսպիսի համակարգի պայմաններում են իրենք կարողանում ապահովել իրենց՝ իշխանության լինելու հարատևությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։