Սուրենյանց․ ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար
Քաղաքական
19:04 10/11/2025
Հայաստան

Սուրենյանց․ ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար 

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ 

Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ 

Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ 

Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։ 

Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ 

Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ 

Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը: 

ՀԷՑ-ի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։ 

Եթե պետությունը որոշի այն վերահսկել կամ «վերագնահատել», ֆինանսական բեռը անխուսափելիորեն կընկնի բյուջեի վրա՝ առաջացնելով նոր պարտավորություններ և սակագնային ճնշումներ։ 

Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է գրեթե անխուսափելի։ 

Այս արկածախնդրությունը բերելու է նաև արտաքին ռիսկեր: 

ՀԷՑ-ի սեփականատերը օտարերկրյա ներդրող է, և այս միջամտությունը գրեթե անպայմանորեն կհանգեցնի միջազգային արբիտրաժային գործընթացի։ 

Նման վեճը ոչ միայն վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, այլև կխաթարի վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։ 

Գործող իշխանությունը փաստացի պետությունը դարձրել է սեփականության վերաբաշխման գործիք։ 

Այն, ինչ ներկայացվում է որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի՝ տնտեսական պատրվակով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրենյանց․ ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. վերջին արար