70 մանկական վիրահատություն՝ մեկ ամսում. Հագոբ (Հրայր) Հովագիմիանը կրկին Հայաստանում է
Առողջություն
18:40 11/11/2025
Հայաստան

70 մանկական վիրահատություն՝ մեկ ամսում. Հագոբ (Հրայր) Հովագիմիանը կրկին Հայաստանում է

Հայաստանում նորագույն սրտային վիրաբուժության հիմնադիր Հագոբ (Հրայր) Հովագիմիանը կրկին հայրենիքում է և նրա ներկայությամբ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 60 բժիշկներ ստացել են գիտագործնական սեմինարի առաջին վկայականները: Ընդհանուր առմամբ այս փուլում վկայական են ստացել 160 բժիշկներ: 

Նորք-Մարաշ ԲԿ-ն տեղեկացնում է, որ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը և Առողջապահության նախարարությունը Հագոբ (Հրայր) Հովագիմիանի կողմից Նորք-Մարաշ ԲԿ-ի հիմքի վրա Zoom հարթակում անցկացվող «Սիրտ-անոթային վիրաբուժության և սրտաբանության արդի խնդիրները և իրենց առաջարկվող լուծումները» թեմայով գիտագործնական սեմինարը (Journal Club) գնահատել և կրեդիտավորել են՝ ճանաչելով Շարունակական մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

Հագոբ (Հրայր) Հովագիմիանը հայրենիքի ու սրտային վիրաբուժության նվիրյալ է, ով այժմ իր նպատակներից է համարում գիտելիքի ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին: Նա ամեն տարի Հայաստան է ժամանում՝ Նորք-Մարաշ ԲԿ-ի վիրաբուժական թիմի ղեկավար Գագիկ Հեբոյանի և մյուս մասնագետների հետ անցկացնելով տասնյակ բարդ վիրահատություններ: Տաղանդաշատ բժշկի գլխավորությամբ անցած ամսում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 70 մանկական վիրահատություններ են անցկացվել, ներառյալ ծանր դեպքերը:

Հայրենիքից բացակայելու ընթացքում Հագոբ (Հրայր) Հովագիմիանը մշտական կապի մեջ է և ջանքեր չի խնայում՝ զարգացնելու Նորք-Մարաշի սրտաբանության և սրտային վիրաբուժության դպրոցը:

Անցած 30 տարիների ընթացքում Նորք-Մարաշ ԲԿ-ի սրտային վիրաբուժության, ինվազիվ սրտաբանության, ինտենսիվ թերապիայի, սրտաբանության, պերֆուզիայի (արյան արհեստական շրջանառության), կարդիոանեսթեզիայի դպրոցների մասնագետները համալրել են Հայաստանի, աշխարհի տարբեր երկրների առաջատար բժշկական կենտրոնների անձնակազմերը:

Հագոբ (Հրայր) Հովագիմիանն ամեն ուրբաթ՝ ժամը 20:00-ին, Zoom հարթակի միջոցով առցանց հանդիպումներ է անցկացնում սրտաբանության և սրտային վիրաբուժության ոլորտների տարբեր մասնագետների հետ, ներառյալ մասնագետների միջազգային հեղինակավոր բժշկական կենտրոններից: Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են մասնագիտական առաջընթացները, Հայաստանում ոլորտի ռազմավարական մարտահրավերները, գիտական ամսագրերի հոդվածներ, Նորք-Մարաշ ԲԿ-ի և աշխարհի այլ առաջատար կենտրոններում գրանցված դեպքեր, անցկացվում են դասախոսություններ: 

«Այս հանդիպումներով ստեղծվել է հնարավորություն, որով հայաստանցի երեխաների կամ այլ բուժառուների ոչ ստանդարտ, բարդ խնդիրներն անհրաժեշտության դեպքում (բժշկական գաղտնիքի պահպանմամբ) միջազգային մակարդակով քննարկման ենք դնում մասնագետների հետ և ստանում իրավասու բարձրակարգ կարծիք այդ կոնկրետ դեպքերի վերաբերյալ: Սա շատ գնահատելի հնարավորություն է բժիշկների համար, որից շահում են երեխաներն ու մյուս բուժառուները»,- նշել է սրտային վիրաբույժ, Սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ազգային հերոս, Նորք-Մարաշ ԲԿ-ի համահիմնադիր Հագոբ (Հրայր) Հովագիմիանին ու մեր բուժանձնակազմին՝ սրտաբանության և սրտային վիրաբուժության նորամուծություններն աշխարհի հետ համընթաց Նորք-Մարաշ կենտրոնում ներդնելու և մեր բուժառուներին բարձր մակարդակով բժշկական սպասարկում ապահովելու համար: Մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել՝ ի բարօրություն մեր բուժառուների»,- նշել է Նորք-Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը:

«Շարունակական բժշկական կրթության առաջնորդման, կազմակերպման և անմնացորդ նվիրման համար» Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անունից սրտային վիրաբույժ, Սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը Հագոբ (Հրայր) Հովագիմիանին շնորհակալագիր է հանձնել։

Կրեդիտավորված Zoom-հանդիպումներին կարող են մասնակցել բոլոր մասնագետները՝ նախապես նամակ ուղարկելով Նորք-Մարաշ ԲԿ-ի [email protected] էլեկտրոնային հասցեին և հաստատում ստանալուց հետո: 

Նորք-Մարաշ ԲԿ-ի մասին

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ. Հագոբ (Հրայր) Հովագիմիանի և գործընկերների կողմից՝ ստեղծելով սրտաբանության և սրտային վիրաբուժության առաջատար դպրոց: Բժշկական կենտրոնում կատարվում են սրտանոթային պաթոլոգիաների տարբեր աստիճանի բարդության, այդ թվում՝ տարածաշրջանի համար բացառիկ վիրահատություններ: Արտերկրյա առաջատար կենտրոնների մասնագետների հետ համագործակցությամբ, 30 տարվա ընթացքում ձևավորվել է բազմաֆունկցիոնալ, մոնոպրոֆիլ բժշկական կենտրոն, որի ցուցանիշները համադրելի են աշխարհի առաջատար կենտրոննների հետ: Տարիների ընթացքում Նորք-Մարաշ ԲԿ-ում վիրահատվել է ավելի քան 20,000 մարդ:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
70 մանկական վիրահատություն՝ մեկ ամսում. Հագոբ (Հրայր) Հովագիմիանը կրկին Հայաստանում է