Ինչու են Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում հենց հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զnhվածների հիշատակի օր
Քաղաքական
11:51 11/11/2025
Հայաստան

Ինչու են Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում հենց հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զnhվածների հիշատակի օր

ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում են լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի՝ հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ ոչ աշխատանքային:

Նախագծում նշվում է, որ մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների տարելիցներին, կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնելու մասին է, քան հիշատակի. «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու արդյունքում Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը՝ հունվարի 27-ը կդառնա օր, երբ մարդիկ կհարգեն բոլոր ժամանակների հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը եւ կխոնարհվեն նրանց առաջ»։

ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հաշվի առնելով վերջին  տարիների իրադարձությունները՝ Ապրիլյան պատերազմում, 44-օրյա պատերազմում, Հայաստանի դեմ հարձակումների, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին  հայկական կողմի զոհերի փաստը, 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ընդունման փաստը, կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը, որի ընթացքում կհարգեն տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

«Մենք առաջարկում ենք այդ օրը լինի հունվարի 27-ը՝ Բանակի օրվան նախորդող օրը։ Ինչո՞ւ ենք այդ օրն առաջարկում։ Մենք չենք կարող այլ օր առաջարկել, որը  ինչ-որ ռազմական  իրադարձության օր է, անխուսափելի հարց կառաջանա՝ ինչու այդ օրը, ոչ թե մյուսը։ Այսինքն, ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց նաև ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն, սիմվոլիզմ ունի։ Համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ  առաջին օրը կարող ենք հարգանքի տուրք մատուցել հայրենքի պաշտպանության համար զոհվածներին, իսկ հաջորդ օրը՝ որպես  շարունակվող կյանքի  և անկոտորում կամքի խորհրդանիշ կտոնեն Բանակի օրը»,- մանրամասնեց Ռուբինյանը։

Նա նաև նշեց, որ սա չի նշանակում մոռացության  մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, փոխարինել դրանք, սա նշանակում է ընտրել մեկ օր, երբ կհարգեն տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ Ռուբինյանն ասաց, որ սա պարզապես սգո օր չէ, հիշատակի, խոնարհումի օր է։

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ թեև ընդդիմությանը ներկա չէ քննարկմանը, բայց լիահույս է, որ այս նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ. «Շատ կարևոր է, որ մենք ունենանք հարցեր, որոնց շուրջ կունենաք կոնսենսուս։ Կարծում եմ՝ հայրենիքի  պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի այդ կոնսենսուսի մաս։ Կարծում եմ, որ հայրենիքի պաշտպանությունը չպետք է քաղաքականացվի, քանի որ հայրենիքը բոլորին է՝ անկախ ՔՊ-ական են, Դաշնակցական, Հանրապետական և այլ։ Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին նույնպես կողմ քվեարկել այս նախագծին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու են Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում հենց հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զnhվածների հիշատակի օր