Կոնսերվատորիայի բակում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղի
Հասարակություն
19:49 12/11/2025
Հայաստան

Կոնսերվատորիայի բակում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղի

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղի։

44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է Կոնսերվատորիայի յոթ ուսանող՝ Տիգրան Սահակյան (Ժողովրդական երգեցողություն), Գոռ Թումանյան (Ակադեմիական երգեցողություն), Գագիկ Խաչատուրյան (Ակադեմիական երգեցողություն), Մհեր Փոթոյան (Ժողովրդական գործիքներ, Քամանաչա), Տիգրան Հարությունյան (Ժողովրդական երգեցողություն, Գյումրու մասնաճյուղ), Հենրիկ Ասատրյան (Ժողովրդական երգեցողություն, Գյումրու մասնաճյուղ), Երվանդ Գևորգյան (Ժողովրդական երգեցողություն, Գյումրու մասնաճյուղ):

«Ցավոք, ունեցանք մեծ կորուստներ։ Փոքր Կոնսերվատորիայի համար յոթ զոհը շատ մեծ թիվ է, հատկապես որ նրանցից յուրաքանչյուրն իրենց գործում կայացած անհատականություններ էին, հրաշալի երաժիշտներ, կատարողներ, որոնց մեծ ապագա էր սպասվում, մեծ անելիքներ ունեին անելու։ 

Անվերջ պարտական ենք մեր հերոսներին, մեր տղաներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։ 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանը եղել է Գոռ Թումանյանի դասախոսը։

«Գոռն ուներ ֆենոմենալ ձայն։ Նման ձայները, երևի 100 տարին մեկ են լինում։ Շատ ընդունակ էր, նաև շատ աշխատասեր։ երազում էր մի օր Լա Սկալա օպերային թատրոնում ելույթ ունենար։ 

Ցավը խորն է։

Սարսափելի է մտածել, որ նման երեխաներն այլևս չկան»,- ասաց պրոֆեսոր Մկրտչյանը։ 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, ուսխորհրդի նախագահ Նարեկ Խաչատրյանը  ծառայության ընթացքում ընկերացել է Գագիկ Խաչատուրյանի հետ։ 

«Երեկոյան միասին միշտ բարձրանում էինք զորամասի եկեղեցի, աղոթներ էինք անում, շարականներ երգում։ Գագիկն ինձ համար ոչ միայն  ծառայակից ընկեր էր, նաև հոգևոր ընկեր»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոնսերվատորիայի բակում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղի