«Հրապարակ». Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026թ. ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել
Օրվա մամուլ
08:49 15/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026թ. ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026թ. ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, և չպարտադրեն։ Մեզ հետ զրույցում Արշակյանն ասաց, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ կառաջադրվի, թե ոչ` հրաժարվեց պատասխանել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՔՊ համագումարին նրան թույլ չտվեցին մասնակցել՝ 30 հազար դրամ կուսանդամավարձը չվճարելու պատրվակով:

Սակայն, ասում են, Արշակյանն ամեն ինչի հետ չէ, որ համաձայն է և երբեմն անգամ չի խորշում դեմ գնալ Փաշինյանին։ Մեզ ասացին նաև, որ բավականին թվով ՔՊ-ականներ կան, որոնք թեպետ գիտեն, որ շանս չունեն և 500 հազար դրամը ջուրն են գցելու, բայց Փաշինյանի ահից՝ ստիպված առաջադրվում են, որ գլխացավանքի մեջ չընկնեն:

Նշենք, որ ՔՊ-ն «գլխագին» է պահանջում առաջադրվող թեկնածուների համար. կես միլիոն դրամ՝ ՔՊ-ականներից, 1.5 մլն` անկուսակցականներից։ Նոյեմբերի վերջին կավարտվեն առաջադրումները, հետո նախ ցուցակները կզննի ու կզտի ՔՊ վարչությունը, իսկ հետագայում համագումարով` քվեարկությամբ կկազմվեն ցուցակների վերջնական տարբերակները: Գումարները վճարում են հենց առաջադրման փուլում, անկախ նրանից՝ հետագայում կընտրվեն, թե ոչ, գումարը հետվերադարձման ենթակա չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026թ. ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել