Ն. Կարապետյան. Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում
Քաղաքական
17:37 17/11/2025
Հայաստան

Ն. Կարապետյան. Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում

«Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ պրոցես տեղի չէր ունենում։ Այսինքն մենք չունենք ՀԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների հետ կապված խախտման որևէ փորձ մինչև հայտնի հայտարարությունը»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա հստակեցրեց, Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո եղան ՀԷՑ-ը խլելու հայտնի փորձերը։

«Մենք պետք է հիշենք, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման պահանջները չեն կատարվում։ Այն պարտավորեցրել է Հայաստանին, որպեսզի նման գործողություններ չկատարվեն։ Ուզում եմ նաև մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ՀԷՑ-ի հետ այս ամենը կատարվում է, քանի որ Սամվել Կարապետյանը պաշտպանում է հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն հետևանքները, որ կրում է մեր բիզնեսը, պատրաստ ենք դրանց հանուն մեր համոզմունքների, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»,-ասաց Ն. Կարապետյանը։

Նա նկատեց, շատերն այն կարծիքին են, որ հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, մինչդեռ Ս. Կարապետյանի օրինակով, կան ձեռնարկատերեր, որոնք ունեն գաղափարական մեծ հենք։

«Նրանք պատրաստ են ճնշումների, ֆինանսական կորուստների միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,-հայտարարեց Ն. Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀԷՑ-ում իրենք մեծ խնայողություններ են արել, ինչի համար սեփականատերերը պետք է իրենց շնորհակալ լինեն, ապա Ն. Կարապետյանն ասաց, եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, իրենք կարող էին քննարկել դրա հետ կապված հարցեր։

«Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել մեկին, որ գործիք է հանդիսացել կամա թե ակամա, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի»,-ասաց ընկերության փոխնախագահը՝ ընդգծելով, որ կառավարչի նշանակումը չեն դիտարկում օրինական քայլ, ինչի համար էլ ձեռնպահ են մնացել Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder