Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք նախընտրական արշավն իրականացնում էինք հսկայական ճնշումների ներքո. Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների մասնակից ուժերի հայտարարությունները
Վաղարշապատում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մասնակից քաղաքական ուժերի առաջնորդներն ու այդ կուսակցությունների կողմից առաջդրված թեկնածուներն այսօր հանդես են եկել հայտարարություններով։ Առայժմ չի խոսել «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը, որի ղեկավարած ուժի օգտին քվեարկել է 10051 ընտրող։ Նա վաղը հանդես կգա ասուլիսով։
ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը գրել է.
«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,
Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»։
«Մայր հայաստան» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գրիշա Հարությունյանը գրում է.
«Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին։
Շնորհակալ ենք բոլոր այն ընտրողներից, ովքեր քաղաքացիական, ազգային դիրքորոշում ցուցաբերեցին՝ քվեարկելով ընդդիմադիր ուժերի օգտին։
Շնորհակալ եմ մեր ամբողջ թիմից միասնական ու կազմակերպված աշխատանքի համար։ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ մեզ հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 25 օրում, ահագին աշխատանք կատարել։ Մենք նախընտրական արշավն իրականացնում էինք հսկայական ճնշումների ներքո․ այս ընթացքում իմ ու Դավիթ Կարապետյանի դեմ գործեր կարվեցին, մեզ սատարող բլոգերին կալանավորեցին։ Ու այս ամենով հանդերձ՝ մենք կարողացանք որոշակի քվե ստանալ ու ներկայացված կլինենք Վաղարշապատի ավագանիում։
Շնորհակալ եմ Դողսի բնակիչներից, ովքեր ընտրության մասնակիցների 57 տոկոսի չափով ինձ ու մեր թիմին վստահության քվե տվեցին։
Ցավալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց, բայց սա մեզ պետք է ոչ թե հիասթափեցնի կամ անգործության մղի, այլ ճիշտ հակառակը»։
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը գրել է.
«Նախնական տվյալներով մեզ 15 ձայն չբավարարեց անցողիկ շեմը հաղթահարելու համար…
Կեցցե ժողովրդավարությունը,կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Մնացածի մասին հաջորդ դասին»։