Հայաստանը դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը․ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Քաղաքական
20:29 19/11/2025
Հայաստան

Հայաստանը դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը․ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝  Լուսինե Սամսոնյանը, տեսաուղերձ է հղել։

Նա նախ ներկայացնում է, թե ինչպես է ծանոթացել Նարեկի հետ, ինչպես է պայքարի դուրս եկել մյուս ուսանողների հետ, սովորելու ընթացքում ինչ նպատակներ ու տեսլական է ունեցել։ Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի, նրա գործընկեր Վազգան Սաղաթելյանի կալանավորումներին՝ Լուսինե Սամսոնյանն ընդգծում է.

«Եկել է պահը, և ես պետք է խոսեմ, այլ տարբերակ չունեմ։ Այս ազգագործանների իշխանության գալը մեծագույն հարված էր մեր պետականությանը։ Մենք դա այն ժամանակ էինք տեսնում, բայց, ցավոք, մենք փոքրամասնություն էինք։ Հիմա, բարեբախտաբար, այլևս փոքրամասնություն չենք։ Ավելին, այնպիսի մեծամասնություն ենք, որից, ինչպես ամուսինս է ասում, այս բորինների իշխանությունն իր ամբողջ կազմով անասելի վախենում է։ Իսկ վախը մարդուն դրդում է ամենաստոր քայլերի, միայն թե պահպանեն այն, ինչը կորցնելուց վախենում են։ Այս պարագայում՝ դա իշխանությունն է։ Իսկ իրենց իշխանությունը սրանք պահում են բացառապես ուժայինների միջոցով, և դա, իհարկե, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ Սրա պատճառն էլ ինձ համար պարզ է՝ 2018 թ․-ի իշխանազավթումից հետո մեր ինքնիշխանությունը վաճառել են թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ուժերին, որպեսզի Հայաստանը կարողանան օգտագործել որպես զենք՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու համար։ Այդ իսկ պատճառով մինչ օրս միջազգային հանրությունը աչք է փակում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների անդադար ոտնահարումների վրա։

Ես զուգադիպություն չեմ համարում այն, որ ամուսնուս և Վազգենի ձերբակալումից օրեր առաջ ԵՄ անդամ պետությունների դեսպանները նույն օրը նույն օրակարգերով հանդիպել էին իշխանական վերնախավի հետ՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակի և Գերագույն գլխավորի։ Ըստ մամուլում տարածված տեղեկության՝ այդ հանդիպումները մեկ պատճառ են ունեցել, մեջբերում եմ․ «ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք վերջին օրերին տարատեսակ հանդիպումներ են ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ Հայաստանի Հանրապետության իշխանություններից, դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների և ընտրակեղծիքների վրա աչք կփակեն և կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը»։ Պահանջը հետևյալն է՝ Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձևակերպի։ Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի, խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն, բացի այդ, ԵՄ-ն  պահանջում է նաև իր ներգրավվածությունը «Թրամփի ուղուն», որի դիմաց քաղաքական, ֆինանսական և փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։ Այս հանդիպումից հետո ամուսինս ու Վազգենը, ինչպես նաև անտիֆեյք հարթակն ամբողջությամբ դարձավ իշխանական հարձակման զոհ։

Ստացվում է՝ ԵՄ-ն  Հայաստանում ժողովրդավարություն է հաստատում՝ հովանավորելով մի տոտալիտար (սա այլևս ավտորիտար ռեժիմ չէ) իշխանության։ Այստեղ արգելվում է այլևս ընդդիմադիր լինելը, այստեղ լռեցվում է ընդդիմադիր խոսքը։Այստեղ ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերը ենթարկվում են քաղաքական հետապնդումների, նետվում են բանտեր ու քաղաքացիների ձայնի վրա սրբում են իրենց ոտքերը։Այստեղ ԱԺ խոսնակը կարող է իր թիկնապահներին հրահանգել բռնել իրեն քննադատող քաղաքացու ձեռքերը, անշարժացնել նրան և թքել երեսին։ Այստեղ իշխանական պատգամավորները կարող են հանրային բաց քննարկման ժամանակ սպառնալ իրենց ընդդիմախոսի ականջը կտրել և այսպես շարունակ։ Այստեղ կարող է հետապնդվել եկեղեցին, այստեղ բանսարկությունների զոհ կարող են դառնալ բարձրաստիճան հոգևորականները, որոնք սիրում են իրենց պետությունն ու ժողովրդին, ովքեր թշնամու դեմ հանդիմանը միայնակ չեն թողնում իրենց զավակներին։ Այնպես որ Հայաստանը՝ մեր պետությունը, դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը, որը մեկը մյուսի դեմ օգտագործելով փորձում է իր դիրքերն ամրապնդել․․․»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Նշենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 7 օր անազատության մեջ ենՀիշեցնենք նաև, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել): Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը․ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը