Երևանյան միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո
Մշակույթ
17:29 19/11/2025
Հայաստան

Երևանյան միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո

Նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո կանցկացվի Երևանյան միջազգային թատերական փառատոնը։

Ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանը նշել է՝  հատկանշական է, որ փառատոնը կրում է «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսը, քանի որ մշակույթն ու խաղաղությունը կարևոր առանցքներ են, և Հայաստանը գնում է դեպի խաղաղություն և ստեղծարարություն՝ մշակութային ողջ  ներուժով:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր֊նախագահ Վարդան Մկրտչյանը, ազդարարելով փառատոնի բացումը՝ ասել է. «Փառատոնի հիմնական փիլիսոփայությունն այն է, որ հայկական ժամանակակից արվեստը, մասնավորապես՝ թատերական արվեստը, պետք է լինի ոչ միայն հյուրընկալող կողմ, այլև ակտիվ մասնակից»:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի մեկնարկը կտրվի նոյեմբերի 19-ին «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ և ցուցահանդեսով, որը լուսանկարների, խոսքի և երաժշտության միջոցով կներկայացնի Ուինսլոու Մարտինի քսանամյա ճամփորդական ուղին Հայաստանում։ «Քեռի Վանյա» և «Լիր արքա» ներկայացումներով հանդես կգա «Լիթ մուն» թատերական ընկերությունը /ԱՄՆ/։ Ծրագրում ընդգրկված է նաև յուրահատուկ ընտանեկան ներկայացում-աշխատարան՝ նախատեսված ութ տարեկանից բարձր արվեստասերների համար։

Այս տարի փառատոնն ունի նաև հատուկ շեշտադրություն՝ նպատակ ունենալով երևանյան հանդիսատեսին հաղորդակից դարձնել Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին, մասնավորապես՝ Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնին և Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախմբին։

Փառատոնը ներկայացնում է նաև համագործակցային ծրագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և Գյոթե ինստիտուտի հետ։ Հայաստանաբնակ պարողները հնարավորություն կունենան աշխատել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ և երեքշաբաթյա փորձերից հետո հանդես գալ պարային ներկայացմամբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Փառատոնին հանդես կգան նաև Սոս Սարգսյան անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

Երևանյան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոնների համար միջազգայնացման նոր ուղի հարթել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանյան միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո