Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՕԵԿ-ի նախկին քարոզիչ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:
Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաև հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել է անցյալը:
Հիշեցնենք, որ մինչև ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում: Հետո, իհարկե, ՔՊ-ի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում:
Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի՝ մինչև պատգամավոր դառնալը նա տուն չուներ, և միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում:
Տունը գնելուց 2 տարի անց՝ 2021 թվականին, պատգամավոր Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։
Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած NISSAN մակնիշի մեքենան 2 մլն դրամով վաճառել է ընկերուհուն՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն պետ Լաուրա Անտոնյանին: Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ պատգամավորի:
Նկատենք, որ Հակոբյանի ֆինանսական վիճակն այժմ կայունացել է. հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատավարձ է Ազգային ժողովից։ 173 հազար 230 դրամը փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 850 հազար դրամ։
«Ստացված վարկերի, փոխառությունների մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք. 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամն էլ անշարժի գույքի գնման իրավունքի համար է։ Այսպիսով՝ ընդհանուր վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 201 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը, օգտագործելով ԱԺ նախագահի հետ իր մտերմությունը, ծանոթ-բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել:
Հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, աշխատանքով է ապահովել ԱԺ-ի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ, իր աղջկա դասընկերուհու մորը և մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, և նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը, իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։