«Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը». Դատարանը քննում է Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ»-ի
Քաղաքական
15:32 20/11/2025
Հայաստան

«Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը». Դատարանը քննում է Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ»-ի

«Հրապարակ» օրաթերթում տպագրված «Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» վերնագրով նյութի հրապարակումից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Նիկոլ Փաշինյանը հայց է  ներկայացրել ԶԼՄ-ի դեմ: Նա դատարանից պահանջում է պարտավորեցնել ԶԼՄ-ին հրապարակայնորեն հերքելու հոոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Փաշինյանը նաև պահանջել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:

Այսօր այս գործով ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում նշանակված է նիստ։ Նախագահող դատավորը Նելլի Հարությունյանն է։

Մինչ նիստի մեկնարկը «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրականում հոդվածը ոչ թե զրպարտություն է, այլ հարցադրումներ, Փաշինյանի ոճի, գրառումների տրամաբանության մեջ հեղինակի արձագանքն է նրան։

«Եթե հիշում եք, մայիս-հունիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը շարունակ ստատուսներ էր գրում եկեղեցու, Վեհափառի, Սրբազանների դեմ։ Նույն տիպի հարցադրումներ էր անում՝ կուսակրո՞ն եք, թե՞ չէ՞, զավակ ունե՞ք, թե՞ չէ։ Հեղինակը փորձել է նույն տրամաբանության, ոճի  մեջ արձագանքել նրան՝ արդյոք, ճի՞շտ է, որ նա դավաճանում է  կնոջը, թե՞ չէ։ Բացի այն, որ նյութում որևէ նման պնդում չկա, դա բխել է Փաշինյանի վարքագծից։ Նա քննարկման առարկա է դարձրել հոգևորականների անձնական կանքը, բայց ըստ էության որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը»,-ասաց մանրամասնեց Ա. Օհանյանը։

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը խոստովանեց, իր համար մեծ անակնկալ էր,  որ Փաշինյանը դիմել է դատարան, ի վերջո գործ ունենք նախկին խմբագրի, լրագրողի հետ, որը բազմաթիվ նման հրապարակումներ է արել, շատ ավելի կոնկրոտ տեղեկատվություն է հրապարակել, որոնց հիմքերը, ապացույցները չի ունեցել։

«Հիշում եք, նա տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում՝ վկայակոչելով օդում կախված լուրերը բազմաթիվ տեղեկություններ էր հրապարակում, բայց դրա համար նրան ոչ ոք դատի չէր տալիս։ Մինչդեռ նա պատերազմ է հայտարարել լրատվամիջոցների դեմ։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ պետության ղեկավարը լրատվամիջոցի դեմ անձամբ դիմում է դատարան։ Մենք նման նախադեպ չենք ունեցել»,-ասաց Օհանյանն ու այս պայմաններում ընդգծեց դատարանների կանխակալությունը։

Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցման պահանջին, ապա խմբագիր Օհանյանը նշեց, եթե անցած տարիների ընթացքում «Հրապարակի»՝ Փաշինյանին ցուցաբերած բարոյական աջակցությունը վերածեն գումարի, ապա դա կգերազանցի մի քանի մլնը։

«Նաև դրա շնորհիվ է, որ Փաշինյանը եկել է իշխանության։ Նա կարծում է, որ մամուլը պետք է իրեն ծառայի, ինչպես ծառայել է մինչև 2018 թվականը, դրանից հետո էլ պետք է գովաբանի իրեն»,-ասաց Օհանյանը։

Ի դեպ, «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրն ավելի վաղ հայտնել էր, որ  («Դավաճանու՞մ է արդյոք Փաշինյանը կնոջը») ստորագրված էր Նորայր Մարտիրոսյան անունով:

«Բնականաբար կեղծանուն էր` ամեն մեկը չի, որ ուզում է բաց և իր անունով հանդես գալ և լրագրության ոսկե կանոնն է հարգել մարդու` անանուն հանդես գալու իրավունքը և առանց նրա համաձայնության չբացահայտել նրա անունը:

Մեր «հայցվորը», որն իր նախկին երկար կյանքում լրագրող ու խմբագիր է եղել և պիտի հրաշալի տիրապետեր լրագրության այս տարրական կանոնին, պարզվում է, անձամբ դիմել է Պետեկամուտների կոմիտե` պահանջելով իրեն ներկայացնել Նորայր Մարտիրոսյանի հետ «Հրապարակ» օրաթերթի աշխատանքային պայմանագիրը, հաշվառման հասցեն և այլ անհատական տվյալներ: ՊԵԿ- ում հավանաբար թաքուն ծիծաղել են այս գրության վրա և պատասխանել են, որ ձեր պահանջած տեղեկատվությունը հարկային գաղտնիք է` չենք կարող տրամադրել: Հայցվորը չի հանգստացել, հիմա էլ դիմել է դատարանին, թե պատասխանողին պարտավորեցրու մեզ տա հեղինակի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, բնակության կամ հաշվառման հասցեն և այլն»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը». Դատարանը քննում է Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ»-ի