Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ըստ ՀՀ Կառավարության և «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախորդ ամիսներին հրապարակված տվյալների՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը նախատեսվում էր սկսել այս տարի: Համաձայն փաստաթղթի՝ շինարարական աշխատանքները 2025 թվականի առաջին եռամսյակում պետք է մեկնարկեին, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ չորրորդ եռամսյակում։
«Ժողովուրդ» օրաթերթը ծավալուն հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար արդյոք շինարարական փուլը ավարտվել է, և եթե այո՝ ո՞ր փուլում է ներկայումս հանքաքարի արդյունահանման գործընթացը։
«Եթե արդյունահանումը արդեն մեկնարկել է՝ ի՞նչ ծավալներ են արձանագրվել, ո՞րն է արտադրության հիմնական ցուցանիշը (տոննա հանքաքար, ոսկու կամ արծաթի ունցիաներ և այլն)։
Նշվել էր, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ մոտ 150 մլն ԱՄՆ դոլարը կարող են տրամադրել հայկական առևտրային բանկերը։ Արդյոք վարկային պայմանագրերը ստորագրվե՞լ են. ո՞ր բանկերն են ներգրավված, և ի՞նչ չափով, ինչպե՞ս է Կառավարությունը տնօրինում իրեն անցած 12.5% բաժնեմասը, արդյոք այդ բաժնեմասից արդեն գրանցվե՞լ են շահույթներ կամ դիվիդենտներ, ո՞ր պետական հիմնարկն է պատասխանատու այդ բաժնեմասի կառավարման համար:
Ի՞նչ եկամուտներ կամ հարկային մուտքեր են արդեն փաստացի մուտքագրվել պետական բյուջե 2025 թվականի ընթացքում՝ Ամուլսարի ծրագրի շրջանակում. տեղական համայնքների հետ կնքված սոցիալական համաձայնագրերի իրականացման ընթացքը ինչպե՞ս է գնահատվում, ի՞նչ գումարներ են ուղղվելՎայոց ձորի և Սյունիքի համայնքներին, որո՞նք են ծրագրի առաջիկա փուլերը 2026 թվականի համար»։
Հարցմանն ի պատասխան ստացել ենք հետևյալը. «Ամուլսարի հանքավայրում ներկայումս դեռևս իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նոր միայն կմեկնարկի հանքի շահագործումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին կառավարության կողմից հաստատվել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» 220-Ա որոշումը, համաձայն որի որոշվել է՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով, մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդհանուր մինչև 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որի վերաբերյալ վարկային պայմանագիրը արդեն իսկ կնքվել է: «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հուլիս ամսին արդեն իսկ ստացել է առաջին տրանշը՝ 44,000,000 ԱՄՆ դոլարը։
Հարկ ենք համարում նշել նաև, որ համաձայն ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 81-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12503 ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ էկոնոմիկայի նախարարությունը վերոնշյալ բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ օրենսդրության համաձայն:
Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում այդ տեղեկատվությանը, ուստի առաջարկում ենք դիմել «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը»,- ասված է պատասխանում։
Արձանագրենք, որ ժամկետների հարցում Էկոնոմիկայի նախարարությունը արդեն ձախողում ունի, իսկ, ահա, հանքի շահագործումը դեռ սարերի հետևում է։ Սա էկոմոնիկայի նախարար Գևորգ Պապոյանի կողմից հերթական ոլորտային ձախողումն է. ամենուր և միշտ խոսում են՝ Ամուլսարը շուտով կբացվի, կշահագործվի, երկիրը կծաղկի, բայց ծրագրով նախատեսված անգամ շինաշխատանքները չեն ավարտվել: Ի դեպ, Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում