Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձինք ամբողջովին հերքել են խոսակցության առկայությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Համացանցում հայտնված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթով իրավապահները փակուղի են մտել:
«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական վարույթով 2 անգամ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոսը և ասել, որ անօրինական ձեռք բերված խոսակցության վերաբերյալ ասելիք չունի։ Իրավապահները հարցաքննության են հրավիրել նաև Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին, որն էլ իրավապահներին հայտնել է, թե նման բան չի եղել։
Այսպիսով՝ իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձինք ամբողջովին հերքել են խոսակցության առկայությունը, ինչը իրավապահներին փաստացի փակուղու մեջ է դրել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։
ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն. ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը և առաջնորդարանի հաշվապահը։
Այսպիսով՝ վերոնշյալ ձայնագրությունը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի համապատասխան վարույթի շրջանակում քննություն իրականացվեր։ Կոմիտեն էլ քննում է ու հայտնվում փակուղում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում