Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը վերահսկելի է, տեղում աշխատանք է կատարում 243 փրկարար. ՆԳՆ
Հասարակություն
10:55 22/11/2025
Հայաստան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը վերահսկելի է, տեղում աշխատանք է կատարում 243 փրկարար. ՆԳՆ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը մարելու համար աշխատանքներն իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Նախնական տվյալներով, 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։  Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

(Տեսանյութը՝ Անուշ Կլեկչյանի էջից)

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder