Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երիտասարդի կյանքին վերադարձնելով այդ 6 ամիսը, 6 ամիս շուտ այդ երիտասարդն ամուսնանալու է, 6 ամիս շուտ երեխա է ունենալու. Արմեն Խաչատրյանը՝ զինծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին
«Դուք ներկայացրեցիք 2022-25թթ-ին «Պաշտպան հայրենյացի» արդյունքները, բայց հանրությանն ավելի ընկալելի լինելու համար խնդրում եմ ներկայացրեք, պայմանագրային ծառայությունից որքանը չեն երկարաձգել կամ լուծել են պայմանագիրը, կամ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքան է կազմում համալրվածության աստիճանը»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին պաշտպանության նախարարաին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այլ պայմաններում այդ թիվը չեր ակնկալի, եթե Պապիկյանը չհրապարակեր 4225 թիվը։
Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց կրճատվում է 1.5 տարվա։
Աբրահամյանը նաև նշեց, որ զորակոչի հետ կապված թվերը նաև չի հրապարակվել, և առաջարկեց գոնե միջինացված թվով այն ներկայացնել, որպեսզի հասարակությունը տեսնի ու հասկանա, թե 1.5 տարվա ծառայության անցնելը դրական, թե բացասական բալանս են առաջացնում զինուժի առումով։
«Հանրության կողմից ժամկետի կրճատումը դիտարկվել է որպես դրական քայլ, բայց երբ մարդը սկսում է սառը դատողության ենթարկել, սկսում է նաև մտածել այն մասին, թե այս փոփոխությունը՝ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը, միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու»,-ասաց Աբրահամյանը
Պապիկյանն ասաց, թե ՊՆ-ի առաջարկած այդ փոփոխությամբ և բարեփոխումներով ընձեռվող հնարավորությունները մարդկային ռեսուրսների ավելացումն էապես ավելին է դարձնելու, քան 4025- է լինելու։
Նա վստահեցրեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի թիվը գաղտնի չէ, իրեն այդ մասին զեկուցելուց հետո է հրապարակել այն։
«Զորակոչի թվերը և Զինված ուժերի թվաքանակը գաղտնի են, դրանց անդրադարձը կբերի նրան, որ մենք կբացահայտենք բանակի թվաքանակը»,-ասաց Պապիկյանը և վստահեցրեց, որ 2024-25 թթ. պայմանագրային ծառայողների դրական բալանսը 1000-ից ավել է, և հավելեց. «Մեր բարեփոխումների, կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը էապես բարձրացել է»։
Անդրադառնալով ԶՈւ-ում կատարած փոփոխությունների դրական արդյունքներին Պապիկյանի հայտարարությանը՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Դուք ասում եք, որ գնդի սպաներն ատեստացիայի արդյունքում ստացել են 65% դրական արդյունք, բաց նախարարության հանձնաժողովը գնում քննություն է վերցնում, և գունդը ստանում է «2» գնահատականը»։
Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց դիտարկել ատեստացիայի չափանիշները, որպեսզի ատեստացիան արդյունք տա, իր նպատակին ծառայի։
Անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի ելույթին՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցրեց, որ ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված էր եղել կառավարության 2021թ ծրագրով։
«Հանրության համար պետք է հաճելի լինի, որ ԶՈւ-երում այնպիսի մեծ բարեփոխումներ են իրականացվել, որի արդյունքն արդեն հանդիսանում է պարտադիր զինովրական ծառայության ժամկետի կրճատումը»,-ասաց Խաչատրյանը և ներկայացնելով ծառայության ժամկետը կրճատելու որոշման երկրորդական ազդեցություններին, հավելեց. «Մենք բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում նաև դուք՝ Պարոն Աբրահամյան, որովհետև 6 ամիս կրճատելով, երիտասարդի կյանքին վերադարձնելով այդ 6 ամիսը, 6 ամիս շուտ այդ երիտասարդն ամուսնանալու է, 6 ամիս շուտ երեխա է ունենալու, 6 ամիս ավել ուսում է ստանալու, 6 ամիս շուտ հարկ է վճարելու և այլն»։
ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե այդ տրամաբանությամբ կարելի է 1 տարով կրճատել պարտադիր զինվորական ծառայությունը։
Տիգրան Աբրահամյանն էլ հիշեցրեց, որ կառավարության 2021թ ծրագրում նաև գրված է, որ Հայաստանը 2026 թ-ին պետք է ակտիվ ներգրավված լինի ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։