«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար
Օրվա մամուլ
08:36 25/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը շտապեց հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձևավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։

Քաղաքապետարանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցմանը, հայտնել է. «Երևան քաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր և գագաթներ:

Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:

Արդյունքում պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար