Եթե այս վտանգավոր շղթան մի օր կանգ առնի, ամբողջ տնտեսական աճը կփլուզվի. Աղասի Թավադյան
Տնտեսություն
18:08 25/11/2025
Հայաստան

Եթե այս վտանգավոր շղթան մի օր կանգ առնի, ամբողջ տնտեսական աճը կփլուզվի. Աղասի Թավադյան

Հայաստանի տնտեսության մոդելը հիմնված է բանկային համակարգի և շինարարության ոլորտի վրա, ինչը երկրում ստեղծել է աճի, բայց միաժամանակ նաև ռիսկերի յուրահատուկ դինամիկա։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։ 

«Հայաստանը բանկային երկիր է։ Մուտք գործած միջոցներն առաջին հերթին հայտնվում են բանկային համակարգում, այնտեղից էլ ուղղվում շինարարություն, անշարժ գույքի շուկա և ծառայությունների ոլորտ։ Դրանք են հիմնական աճի շարժիչները Հայաստանի Հանրապետությունում»,- նշում է նա։

Թավադյանը հաստատում է, որ գյուղատնտեսական արտադրությունը վերջին տարիներին էական աճ չի արձանագրել։ Փոխարենը, աճի հիմնական ծավալը պայմանավորում են  շինարարությունը,  ֆինանսական ոլորտը (բանկային համակարգ) և հարակից ծառայությունները։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա 2023-24 թվականներին դրա աճի զգալի մասը ապահովվել է ոսկու վերաարտահանման շնորհիվ։ 

«Մինչև 2024 թվականի մայիսը հիմնականում ոսկու, մետաղների արտադրությունն էր ապահովում աճի 90%-ը: Սակայն այս փուչիկը պայթեց, ինչի արդյունքում արդյունաբերությունը, արտահանումն ու ներմուծումը կտրուկ անկում ապրեցին։ Արտահանման ցուցանիշը 40% անկում է ապրել, գրեթե երկու անգամ ավելի քիչ ենք արտահանել», - նշում է Թավադյանը և բացատրում, որ 2024 թվականին 13.1 միլիարդ դոլար արտահանման 63%-ը, այսինքն՝ գրեթե 2/3-ը, կազմել է ոսկու և թանկարժեք մետաղների վերարտահանումը։

Չնայած արդյունաբերության անկմանը, շինարարության 20.6% աճը շարունակում է մնալ տնտեսության հիմնական շարժիչը։ Թավադյանը խնդրահարույց է համարում այս իրավիճակը։ 

«Հայաստանում առաջարկը բարձր է, քանի որ 2022-2023 թվականներին երկիր մուտք գործած միջոցների հիմնական ներդրման աղբյուրը շինարարությունն էր, և սնկերի պես աճել են նորակառույցները։ Պահանջարկը, սակայն, արհեստականորեն է բարձր պահվում՝ եկամտահարկի հետ վերադարձի և հիպոթեքային այլ միջոցների օգնությամբ։ Առաջնային շուկայում վաճառքն աճում է 11%-ով, իսկ երկրորդային շուկայում մոտ մի 14% անկում է գների և վաճառքի ցուցանիշների»,- նշում է տնտեսագետը։ 

Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ պահանջարկը իջել է, սակայն առաջնային շուկայի աճը դեռևս բարձր է պահում ընդհանուր ցուցանիշը։

Տնտեսագետը նկարագրում է վտանգավոր շղթա. «Մենք շատ քիչ բան ենք արտադրում, փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգ, բանկային համակարգից մտնում է անշարժ գույքի շուկա, շինարարություն, անշարժ գույքի գները ըստ այդմ բարձրանում են,  և ինչքան շատ շինարարություն են անում, ինչքան անշարժ գույքը թանկանում է, այնքան տնտեսական աճ է ապահովվում»,- ասում է Թավադյանն ու զգուշացնում. «Եթե այս շղթան մի օր կանգ առնի, ապա ամբողջ տնտեսական աճը, ամբողջ տնտեսությունը կփլուզվի։ Սա վտանգավոր է»:

Նրա խոսքով՝ տնտեսության կենտրոնացվածության խնդիրը նույնպես խորն է. 

«Հայաստանի տնտեսության մեծ մասը կենտրոնացած է Երևան քաղաքում. աշխատավարձի ֆոնդի 80%-ը կենտրոնացած է Երևան քաղաքում, վարկերի 80%-ը մոտավորապես վերցնում են Երևան քաղաքում, գրանցված առևտրի մոտ 80%-ը Երևան քաղաքում է։ Սա հանգեցնում է զգալի բևեռացման ցածր եկամուտ ստացող քաղաքացիների և բարձր եկամուտ ստացող քաղաքացիների միջև»։

Այսպիսով, ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսական մոդելը, որն ապավինել է բանկային հոսքերին, շինարարությանը և որոշակի ռեսուրսների վերարտահանմանը, բախվում է կառուցվածքային անհավասարակշռության և զգալի մակրոտնտեսական ռիսկերի։

Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական  մակրոտնտեսական ցուցանիշները։ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%: Միայն հոկտեմբեր ամսում աճը հասել է 10.1%-ի՝ հիմնականում պայմանավորված շինարարության, առևտրի և ծառայությունների ծավալների ընդլայնմամբ, իսկ արդյունաբերության, արտահանման ու ներմուծման ծավալները նվազել են։

Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե այս վտանգավոր շղթան մի օր կանգ առնի, ամբողջ տնտեսական աճը կփլուզվի. Աղասի Թավադյան