«Հրապարակ». Փաշինյանը գոհ է Վայոց Ձորի պատարագից
Օրվա մամուլ
08:48 26/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը գոհ է Վայոց Ձորի պատարագից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած թե՛ Հովհաննավանքում, թե՛ Թալինում և Արարատում պատարագների մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, քան Վայոց Ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց Ձորի պատարագից: Եվ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով` Վայոց Ձորի մարզպետով: Ասում են` իր գոհունակությունը չի էլ թաքցրել։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց Ձորում էր, որ առաջին անգամ ՀԱԵ թեմի առաջնորդ մասնակցեց՝ ի դեմս Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի:

Եկեղեցի-իշխանություն հակամարտությունում սա Փաշինյանը համարում է լուրջ հաղթանակ, և հենց այդ պատարագից հետո «օվերտոնի պատուհանը բացվեց», ու այլ սրբազաններ էլ սկսեցին մտածել ճամբարափոխության մասին, և անգամ Վեհափառին ամեն ինչով երախտապարտ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը գնաց պառակտիչ պատարագին մասնակցելու։

Իսկ Վայոց Ձորի թեմի առաջնորդին պատարագին բերելու հարցում, ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է: 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց Ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին, և կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։ Ուշագրավ է, որ Մասյացոտնի առաջնորդն էլ է որոշակիորեն կապված ՀՀԿ-ի հետ, նա Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մտերիմն է և մեծապես նրան է պարտական թեմի առաջնորդ դառնալու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը գոհ է Վայոց Ձորի պատարագից