Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնագետ Համլետ Պետրոսյանը մանրամասներ է հայտնում Լեռնահովիտից հայտնաբերված քրիստոնեական թեմայով կոթողից
Օրեր առաջ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել։

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր, հնագետ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ գյուղի տներից մեկի տանտիրուհին է նկատել, որ հանված քարի վրա քանդակներ համար։ Այս մասին տեղեկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Հ.Պետրոսյանն ասաց, որ, ընդհանրապես, Հյուսիսային Հայաստանը, ներառյալ Լոռին, Տավուշը, ներկայիս Վարաստանի հարավային հատվածները, վաղ քրիստոնեական մի օջախ են, որի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը նման կոթողների կանգնեցումն էր։
«Քանի որ այդտեղ քարը ֆելզիտ է, մոխրագույն բազալտը, շատ հեշտ է եղել փորագրել կոնկրետ տեսարաններ, Հայաստանի այլ մասերի համեմատ, այստեղ պատկերն ավելի հստակ է, մանրամասն։ Նման բազմաթիվ կոթողներ կան։ Դրանք 19-րդ դարի վերջերից սկսած հետազոտվել են»,- նշեց հնագետը։
Նման կոթողները, Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, ունենում են գետնախարիսխ, պատվանդան։
«Հայտնաբերվածը կոթողի սյան մի հատվածն է։ Ամենահավանական թվագրությունը՝ մոտավորապես 5-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարի կեսերը՝ մինչև արաբական արշավանքը»,- ասաց նա։

Հնագետը մանրամասնեց, որ սյունը սովորաբար ավարտվում է խոյակով, խոյակի վրա դրվում է խաչակալը, խաչակալի վրա ամրացվում է թևավոր խաչը։ Դրանք շատ հեռվից տեսանելի են լինում, քանի որ ունենում են մինչև 6-12 մետր բարձրություն։
«Նման տիպի կոթողներին հստակ ներկայացված է Հորդանան գետում Քրիստոսի մկրտության պատկերը»,- ասաց Հ.Պետրոսյանը։
Կոթողի վրա որևէ արձանագրություն չկա։
«Կոթողն ինքն իրենով հետաքրքիր է, բայց առաջնայինը կհամարեմ շատ ճշգրիտ, մանրակրկիտ, մաքուր կատարումը»,- ընդգծեց մասնագետը։
Համլետ Պետրոսյանն ասաց, որ ընդհանրապես նման կոթողներն առաջին հերթին ընկալվում էին որպե Քրիստոնեության հաղթանակի նշան, կանգնեցվում էին, երբ որևէ շրջան, իշխանական տոհմ պաշտոնապես հավաստում էր Քրիստոնեության ընդունումը։
«Կանգնեցվում էին նաև որպես նոր հավատի երկրպագության նշան՝ հատկապես քաղաքների հրապարակներում, խոշոր ճանապարհների խաչմերուկներում, բարձր բլուրների վրա»,- նշեց հնագետ Հ.Պետրոսյանը։
Կոթողը դեռևս գտնվում է այն վայրում, որտեղ հայտնաբերվել է՝ մինչև համապատասխան պետական վարչությունները, մասնագետների հետ խորհրդակցելով, կոթողի տեղափոխման վերաբերյալ որոշում կկայացնեն։


Մանրամասն՝ ձայնագրությամբ։