Իմ անունը կա այնտեղ, բայց ստորագրությունը չկա, չեմ պահանջում Կաթողիկոսի հրաժարականը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ
Հասարակություն
17:18 27/11/2025
Հայաստան

Իմ անունը կա այնտեղ, բայց ստորագրությունը չկա, չեմ պահանջում Կաթողիկոսի հրաժարականը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

«Ես տեղյակ չեմ զարգացումներին, հետևաբար անկեղծորեն ոչինչ այս պահին չեմ կարող ասել»,- Մայր Աթոռում 24news.am-ի և news.am-ի լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված եպիսկոպոսների  դիմումին, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արշակ Սրբազանի լիազորությունները սառեցնել։

Լրագրողը նշեց, որ համացանցում տարածված փաստաթղթի տեքստի տակ կա նաև իր անունը, սակայն չկա ստորագրությունը, նա կրկնեց, որ չի ծանոթացել տեքստին. «Իմ անունը կա այտեղ, բայց ստորագրությունը չկա։ Եթե ծանոթանայի, չգիտեմ՝ կստորագրեի, թե՞ ոչ։ Կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությանն ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել։ Գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Ես ժամանակ պետք է ունենամ, որպեսզի ամբողջովին հասկանամ։

Ճիշտ կլինի, որ այդ հարցումն ուղղվի այն եպիսկոպոսներին, որոնք ստորագրել են, որովհետև յուրաքանչյուր ստորագրություն ենթադրում է նաև պատասխանատվություն։ Վստահաբար, այն անձերը, որոնք ստորագրել են, համաձայն են տեքստի բովանդակությանը, ոճին, և ուրեմն կրում են պատասխանատվությունը»։

Հարցին՝ եկեղեցին պառակտված չէ՞, Սրբազանն ասաց. «Հուսամ, ոչ»։

Սրբազանն ասաց, որ եպիսկոպոսական ժողովին մասնակցել է, այնտեղ Արշակ Սրբազանի պաշտոնը սառեցնելու հարց չի քննարկվել, ժողովի ընթացքում ուրիշ հարց է քննարկվել, որի շուրջ արդեն հայտարարություն հրապարակվել է, իսկ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութի հարցը քննարկվել է Վեհափառ Հայրապետի և հանձնախմբի անդամների միջև, որին ներկա չի եղել։

Անդրադառնալով Կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ զեղչելուն, Սերովբե Սրբազանն ասաց. «Ես այդ ուղղությամբ դիրքորոշում չեմ արտահայտել, բայց ոմանք դիրքորոշում արտահայտել են։ Իմ անձնական տեսական այն է,  որ դա ճիշտ ճանապարհը չէ,  պատարագն այն արարողությունը չի և ոչ էլ պատարագի վայրը՝ եկեղեցին այն տեղն է, որտեղ կարելի է այսպիսի հարցեր լուծել»։

Անդրադառնալով Միքայել  և Բագրատ Սրբազանների կալանավորմանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդն ասաց. «Ես միայն հույս կարող եմ արտահայտել, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի և մեր եպիսկոպոս եղբայրները  կազատվեն, կվերադառնան իրենց ծառայության գործունեության»։

Սերովբե Սրբազանը նաև ասաց, որ չի պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։ Դրանում ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր. «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։

Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։

Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմ անունը կա այնտեղ, բայց ստորագրությունը չկա, չեմ պահանջում Կաթողիկոսի հրաժարականը. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ