Ի վերջո 44-օրյայից առաջ ՊՆ-ն այլ երկրներից հետախուզական տվյալներ ստացե՞լ է, թե՞ ոչ. ՊՆ-ում նախընտրում են լռել
Քաղաքական
18:00 28/11/2025
Հայաստան

Ի վերջո 44-օրյայից առաջ ՊՆ-ն այլ երկրներից հետախուզական տվյալներ ստացե՞լ է, թե՞ ոչ. ՊՆ-ում նախընտրում են լռել

44-օրյա պատերազմի սկսվելուց օրեր առաջ պատերազմի վտանգի մասին այլ երկրներից հետախուզական տվյալներ ստանալու շուրջ պաշտոնյաները շարունակում են միմյանց հակասող հայտարարություններ անել։ 

ԼուրջCast փոդքասթի եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր. «Մենք չենք իմացել, որ պետք է պատերազմ սկսվի։ Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ ես եղել եմ Ղարաբաղում, հանդիպել եմ թե զինվորականների, թե նախագահ Արայիկ Հարությունայի հետ։ Նա ասում էր՝ վտանգ միշտ էլ կա, տեսնում ենք զորքերի տեղաշարժ, բայց ոչ մի ինֆորմացիա չկա և չի եղել պատերազմ սկսելու մասին:

Եղել է իրավիճակ, որ մեր կողմն ասել է՝ տեսնում ենք տեղաշարժ, բայց իրենց ի պատասխան ասել են՝ չէ, չէ, ok է։  Գործընկերներն են ասել։ Հետո ասել են չէ, մենք տեսնում ենք տեղաշարժ, այնուամենայնիվ, խնդիր կա։  Ասել են՝ չէ, չէ, նորմալ է, մենք նման ինֆորմացիա չունենք»։ 

Իսկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում մանրամասներ էր հայտնել 44-օրյա պատերազմի մեկնարկի վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին՝ մատնանշելով ռուսական կողմի տված երաշխիքները։ Ըստ նրա, «ռուսական կողմը Հայաստանին Արշակ Կարապետյանի միջոցով է հայտնել, որ պատերազմ չի լինելու, բայց մեր հետախուզությունը ճշտել էր հստակ օրը»։ 

Պաշտոնյաների հայտարարությունից հետո Panorama.am-ը  գրավոր հարցում ուղարկեց պաշտպանության նախարարություն՝  «արդյո՞ք  2020 թվականի սեպտեմբերի 25-26-ին հետախուզական տվյալներ փոխանցվել են պատերազմի վտանգի մասին։ Եթե այո, ապա ո՞ր մարմնի, ո՞ր երկրի կողմից»։ 

ՊՆ-ից պատասխանել են. «Պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 11.01.2024 թ. N53-Ն որոշմամբ հաստատված ցանկի 1-ին և 4-րդ կետերի պահանջները»։ 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 8, 1-ին մաս, 1-ին կետ

Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Իսկ ՀՀ կառավարության 11.01.2024 թ. N53-Ն որոշմամբ հաստատված է գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որի 1-ին կետը վերաբերում է Զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության վերաբերյալ տեղեկություններին, իսկ 4-րդը՝ զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների վերաբերյալ տեղեկություններին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի վերջո 44-օրյայից առաջ ՊՆ-ն այլ երկրներից հետախուզական տվյալներ ստացե՞լ է, թե՞ ոչ. ՊՆ-ում նախընտրում են լռել