Ցուցադրականություն է. Ռուսաստանին ասում են՝ քո ինադու նման բաներ ենք անում. Արմեն Բադալյան
Քաղաքական
18:02 28/11/2025
Հայաստան

Ցուցադրականություն է. Ռուսաստանին ասում են՝ քո ինադու նման բաներ ենք անում. Արմեն Բադալյան

Հայաստանի իշխանությունները ուզում են ցուցադրականություն ապահովել Հայաստան-Եվրամիություն կապերի հարցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ-ում արտահերթ նիստում «ՀՀ և ԵՄ միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացումը։ 

Քաղտեխնոլոգի խոսքով՝ դրանով էր պայմանավորված այս նախագիծն առանձին արտահերթ նիստով ԱԺ բերելու և ընդունելու որոշումը։ 

«Դա կարող էին շատ հանգիստ ընդհանուր օրակարգ մտցնել, ընդունեին,  գնար, ոչ ոք անգամ չնկատեր այն։ Ցուցադրականությունը՝ օրենք ԵՄ անդամակցության մասին, այս շարքային համաձայնագիրը, որը ընդունեցին... անհասկանալի է ում են ցույց տալիս։ Ասում են՝ ՀԱՊԿ-ից մենք դուրս չենք գալիս, բայց ԵՄ-ի հետ ամրապնդում ենք կապերը, սա արդեն անլրջություն է»,- նշեց Բադալյանը։ 

Անդրադառնալով փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարությանը, թե այս համաձայնագրով Հայաստանը  ոչ միայն անվտանգության հարցերով սպառող կլինի, այլև կաջակցի անվտանգային այն միջոցառումներին, որոնք եվրոպացի գործընկերներն իրականացնում են, քաղտեխնոլոգը նշեց, որ սա ևս ցուցադրականության դրսևորում է։ 

«Խոսքը վերաբերում է ԵՄ դիտորդներին, հետո Եվրամիությունը որոշակի փոփոխություններ կատարել է իր կառուցվածքում և որոշակիորեն ռազմական տարրն ուժեղացրել է իր կառավարման համակարգում։ Երբ դու նման համաձայնագիր ես ընդունում, դու ինքդ ընդունում ես ԵՄ-ի այդ ռազմականացված քաղաքականության դրույթները, դրա գաղափարախոսությունը ու դրան աջակցում ես։ Հասկանալի է՝ Հայաստանն այնպիսի երկիր չէ, որ ԵՄ-ին ռազմական առումով աջակցի, բայց այստեղ ավելի շատ գործընթացի ցուցադրականության վրա է շեշտը դրվում, և ոչ թե բովանդակության։ Այսինքն՝ ձևական կողմն է ապահովում։ Իհարկե, ամեն պահի մի գործողության համար փաստաթղթերը պետք են, Հայաստանում կան ԵՄ դիտորդներ, որոնք ոնց որ հասկանում ենք՝ շատ երկար կարող են մնալ Հայաստանում, եթե այս իշխանությունը մնա, նրանց գործառույթները կարող են բավականին ընդլայնվել, ինչը հակասում է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։ Այդ ցուցադրականությունը Ռուսաստանի համար է, ժողովրդական լեզվով ասած՝ քո ինադու այսպիսի բաներ ենք անելու»,- եզրափակեց Բադալյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում վավերացվեց ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակի մասին համաձայնագիրը։ ԱԺ–ն ընդունեց 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով։ Այս համաձայնագրին ՀԱՊԿ անդամ որևէ պետություն չի միացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցուցադրականություն է. Ռուսաստանին ասում են՝ քո ինադու նման բաներ ենք անում. Արմեն Բադալյան