Evocabank-ը որևէ կապ չունի՞ ReOpen Media-ի հետ
Քաղաքական
17:32 03/12/2025
Հայաստան

Evocabank-ը որևէ կապ չունի՞ ReOpen Media-ի հետ

Տևական ժամանակ տարածվող համառ լուրերը, որ Regional Open Media (ReOpen) ընկերությունը դադարեցնում է լրատվական գործունեությունը, վերջին օրերին նոր թափ առան։ Նշենք, որ ընկերությունն առավել ակտիվացել էր այս տարվա մայիսի վերջից։

Ընկերությունում առկա տարաձայնությունների, խնդիրների մասին խոսակցությունները սկսել էին ավելի վաղ, դրանք թեժացան, երբ երկու ամիս առաջ հիմնադիրներից մեկը՝ Գայանե Մանուկյանը  հայտարարեց հեռանալու մասին։

ReOpen Media-ի կամ «Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ հիմնադրամի հետ առնչություն ունեցած ցանկացած մարդ կփաստի, որ այդ կառույցների ֆինանսավորումն իրականացվում է այդ թվում և հիմնականում Evocabank-ի սեփականատիրոջ՝ Վազգեն Սենիկի Գևորգյանի կողմից։

Ուստի Panorama.am-ը դիմեց բանկին՝ հարցնելով, թե ի՞նչ պատճառներով է որոշվել փակել ընկերությունն ու դադարեցնել լրատվամիջոցի գործունեությունը։

Ի պատասխան բանկից հայտնեցին.

«Տեղեկացնում ենք, որ Evocabank-ը ReOpen Media–ի հետ որևէ կապ, որևէ առնչություն չունի, հետևաբար, որևէ հարցի պատասխանել չի կարող։ Ըստ այդմ` տվյալ մեդիայի հետ փոխկապակցվածության մասին ևս խոսք լինել չի կարող։ ReOpen Media-ին վերաբերող բոլոր հարցերով խնդրում ենք դիմել իրենց համապատասխան բաժնին»։

Ակնհայտ է, բանկում չհասկանալու են տալիս, որ մեզ հետաքրքրում է հենց հիմնական շահառուն, առավելապես, որ ReOpen մեդիայի լրատվական գործունեությունը դադարեցնելը կարծես թե կատարված փաստ է, իսկ Վազգեն Գևորգյանը, որը բնութագրվում է որպես փորձառու, մարկետինգից շատ լավ հասկացող և բազմապրոֆիլ գործարար, եվրոպական երկրներում՝ այդ թվում Շվեյցարիայում բիզնեսի փորձ ունեցող, միլիոնավոր դոլարների ներդրումից հետո, մեր կարծիքով, չէր կարող հենց այնպես ու կտրուկ հրաժարվել ReOpen Media-ի գործունեությունից։

Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ReOpen Media-ի լրատվական գործունեության դադարեցման պատճառներն ունեն քաղաքական ենթատեքստ. այդ մասին՝ հաջորդիվ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder