Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշիկ Ալավերդյանը չի հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից, փոխարինվել է. Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
«Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ոչ թե հեռացվել է, այլ փոխարինվել է, այսինքն կադրային փոփոխություններ են տեղի ունեցել»,-ասուլիսում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Նա նշեց, որ մարզչական շտաբում եղել է սերնդափոխություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի. «Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը։
ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը»։
Ս. Գասպարյանը մեկնաբանեց, թե ինչ է նշանակում «չի հեռացվել». «Եթե մարզիչ է հեռացվում, հեռացվում է ընդհանրապես դաշտից, ֆեդերացիայից, մարզաձևից, իսկ այսօր մենք բոլոր մասնագետներին էլ ընդունում ենք, գնահատում ենք»։
Նա նշեց, որ դժգոհություններ չեն եղել մարզիչներից, վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հավաքականում ինչքան էլ հաջողություններ են գրանցվել, շատ են մեդալները, անհաջողությունները, մարզիկների վնասվածները շատ են, իսկ երիտասարդների հավաքականից մեծահասակների հավաքական համալրում չի եղել։ Ըստ նրա, անցած տարիների աշխարհի առաջնությունները, մեդալները վերլուծելով՝ եզրահանգման են եկել, որ մարզչական շտաբը կարիք ունի մեծ փոփոխությունների, այսինքն տղամարդկանց ու երիտասարդական հավաքականները։
«Պարոն Ալավերդյանը շեշտել էր՝ անձնական խնդիր։ Անձնական խնդիր չի եղել։
Պարոն Ալավերդյանն աշխարհի առաջնությունից հետո ցանկություն է հայտնել այլ պետությունում շարունակել աշխատել։ Ընդհանուր քննարկումների, վերլուծությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ պետք է փոփոխություններ լինեն», - ասաց Գասպարյանը։