Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ըստ Ավինյանի, խոստանալ և չանելը «Ասեք՝ կանենք»-ի տողատակն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական բյուջեով Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 25 միլիոն դոլարից, կարծես, գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։ 2025 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը գտնվում է շինարարության թույլտվություն ստանալու փուլում։ Սակայն դրանից ընդամենը երկու ամիս անց Կառավարությունը որոշեց նախագծի բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։
Քաղաքապետարանից մասնավորապես ասել էին, որ նախապատրաստվում են շինարարությունը մեկնարկելու վերաբերյալ մրցութային փաստաթղթերը, և մրցույթների հաջողությամբ ընթանալու դեպքում՝ շինարարական աշխատանքները փաստացի նախատեսվում են մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակում։ Սակայն, կարծես թե այս աշխատանքների համար գումար չի մնում բյուջեում։
Օգոստոսին Կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 9 միլիոն դոլար հատկացնել բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից ևս մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխելու և տրոլեյբուսներ գնելու համար:
Դեռ հարցական է՝ մինչ տարեվերջ ինչքան գումար կհանվի նախնական հատկացումից, սակայն հարկ է ընդգծել, որ իշխանական ևս մեկ խոստում, որ նախընտրական փուլում շահարկվում էր, իրականության հետ որևէ աղերս չունի. Աջափնյակի մետրոն չի կառուցվում խոստացված ժամկետներում:
2025 թվականի փետրվարին էլ հայտնի դարձավ, որ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտ 105 մլրդ դրամ, ևս 1.8 մլրդ դրամ կպահանջվի նախագծման աշխատանքների համար։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին պետական բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի մոտ 10 տոկոսը։
2025-ի սեպտեմբերի 18-ին Ավինյանը գլուխ էր գովում, թե «Պարո՛ն վարչապետ, մենք բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք»:
Սակայն Ավինյանը մոռացավ նշել, որ խոստանալ և չանելը «Ասեք՝ կանենք»-ի տողատակն է, և փաստացի տապալեց թե՛ մայրաքաղաքի կառավարումը (օդի աղտոտվածությունը դրա վառ ապացույցն է), թե՛ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։